Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ սահմանների առումով որևէ խնդիր չունենք, որ կարող է վտանգ ներկայացել ՀՀ-ի կամ Արցախի համար:

«Սահմանային իրավիճակի վերաբերյալ առաջնահերթ և ամենաօբյեկտիվ ինֆորմացիան տալիս է ՊՆ-ն: Երբեմն ներկայացվում է իրավիճակ, որն իրականության հետ կապ չունի: Ես Արցախում էի չորս օր, եղել եմ տարբեր զորամասերում: Անհանգստանալու խնդիր չկա, պիտի հավատանք մեր զինված ուժերին: Պետք է վստահ լինենք, որ բացի ամպագոռգոռ հայտարարություններից, ադրբեջանական կողմից լուրջ գործողություններ անհնար են», -նշել է Գ. Իսագուլյանը:

Խոսելով Արցախի ներքաղաքական իրավիճակի մասին՝ Իսագուլյանը ասել է, որ ամեն ինչ շատ խաղաղ ու հանգիստ է. «Վերջերս էլ պարոն Փաշինյանը շատ հստակ ցուցում տվեց, որ բանակայինները չպետք է մասնակցեն քաղաքական կյանքին, կարծում եմ՝ դա շատ ճիշտ է: Ի վերջո, այդ գործընթացների վերաբերյալ հնչեցին նաև Արցախի նախագահի և Հայաստանի վարչապետի հայտարարությունները»:

Անրադառնալով Նախիջևանի սահմանին տիրող իրավիճակին՝ նա փաստել է, որ հայկական կողմը շատ ավելի նպաստավոր դիրքերում է: Ադրբեջանական զորքերը դիրքային որոշ տեղաշարժ են արել, սակայն դա ամենևին չի փոխել ուժերի հարաբերակցությունը: «Ադրբեջանական դիրքերի փոփոխությունը չի նշանակում, որ նրանք անցել են հայկական տարածք: Արենի գյուղի համար այդ դիրքերի փոփոխությունը վտանգ չի ներկայացնում» , -հավելել է նա:

Ալեն Ավագյան