Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատմանը, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի հիմնադրամի նոր գործադիր տնօրեն:

«Նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհաղթահարի այս փորձությունը եւ դրանից դուրս կգա նորացված՝ արժանի Նոր Հայաստանի ձգտումներին եւ մարտահրավերներին», -ասված է նախագահի աշխատակազմի վարչության հայտարարության մեջ: