Քաղաքաշինության կոմիտեն համարյա մեկ ամիս է նոր նախագահ ունի։ Նարեկ Սարգսյանին փոխարինման եկած Ավետիք Էլոյանը 2000 թվականից գործունեություն է ծավալել հիմնականում ԱՄՆ-ում, այնտեղ հիմնել է նաև սեփական ընկերությունը՝ «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը։

Ճարտարապետների ընտանիքում ծնված լինելն ու ամերիկյան մի շարք հայտնի կառույցների նախագծման փորձը համենայն դեպս հույս են ներշնչում, որ այսուհետ գոնե սերտաճած շենքեր կառուցելուց առաջ հաշվի կառնվի, որ արտակարգ պատահարներ նորակառույցներում էլ են մեկ-մեկ լինում ու փրկարարներին աշխատելու տեղ ամեն դեպքում պետք է թողնել։

Ի տարբերություն նորանշանակ մի շարք պաշտոնյաների, Էլոյանն իր ոլորտում ոչ միայն բավականին փորձ ունի, այլև խոստումներ չի շռայլում. ենթադրել կարելի է, որ նախընտրում է գործել ու դրանով փաստել ունակությունները։ Անգամ վերջին տարիներին տեղի ունեցած քաղաքաշինական զարգացումների սուբյեկտիվ գնահատականի հարցում է շատ զգուշավոր։

Երիտասարդ պաշտոնյան թեկուզ առաջիկա ծրագրերի մասին ոչինչ չի հայտնել, բայց ծրագրային քաղաքականության փոփոխություն, հավանական է, որ կլինի՝ թեկուզ միայն օրենքի գերակայության հաստատմամբ պայմանավորված։ Չմոռաանանք, որ պաշտոնը ստանձնելուց ուղիղ մեկ շաբաթ անց Էլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «…Արդեն վերականգնվել է օրենքի գերակայությունը։ Ոչ մի գործարք այլևս չի հակասելու քաղաքաշինական նորմերին, օրենսդրությանը կամ գործող ընթացակարգերին։ Իսկ քաղաքաշինական հարթակը բաց է լինելու կառուցողական, մասնագիտական կարծիքների և արձագանքների համար»։ Վերջին երկու՝ մասնագիտական կարծիքներ ու արձագանքներ լսելու գործն արդեն մեկնարկել է։ Նա, ճիշտ է, զերծ է մնում կոմիտեի նախկին նախագահների արածը գնահատելուց, բայցև հստակ նշում է, որ նրանց գործելաոճից տարբերվող գործելաոճ է ունենալու: Ի դեպ, միջազգային մրցույթների անցկացման ու հայկական քաղաքաշինության մեջ արտասահմանցի ճարտարապետների ներգրավման պատրաստակամությունը հենց այդ մասին է հուշում։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ