Հայաստանից պատմական Ջավախք մեկնելիս անհնար է թոքերում թթվածնային նոր ներհոսք չունենալ կամ արյան շրջանառության նոր ընթացք չարձանագրել: Օդն այնքան մաքուր ու ոգեղենությամբ է հագեցած այստեղ, բնաշխարհն անընդհատ մաղող անձրևով այնքան մեղմորեն խաղաղ է, որ անհնար է ճանապարհին չլցվել «Մթնշաղի անուրջների» հեղինակի նուրբ քնարերգությամբ: Հիրավի տերյանական է Ջավախք աշխարհը, սակայն գրեթե նույնքան անձնավորված է նաև իր մյուս մեծ զավակներով:

Ինչպես միշտ, այս անգամ էլ «Ջիվանու օր» տոնակատարությունը կազմակերպվել էր տեղի իշխանությունների ջանքերով, ՀՀ մշակույթի նախարարության, «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության, մի խումբ մտավորականների, Ջիվանու տուն-թանգարանի աջակցությամբ: Ջավախքցիների սիրելի ու սպասված այս տոնին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միություն նախագահ Շիրակ Թորոսյանը, բազմաթիվ հյուրեր, գրողներ, մտավորականներ, Ջիվանու երգարվեստի սիրահարներ Վրաստանից, Հայաստանից:

Տոնական օրը սկսվեց Կարզախի Սուրբ Հովհաննես եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագի մատուցմամբ, ձեռամբ պատարագամատույց քահանաներ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի և արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Պատարագին հաջորդեց հարգանքի տուրքն ու ծաղիկների խոնարհումը Ջիվանու կիսանդրուն, որից հետո հանդիսության մասնակիցներն ուղևորվեցին մեծանուն ջավախքցու տուն-թանգարան:

Ազգային նվագարանների անզուգական կատարմամբ այստեղ հյուրերին դիմավորեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները, իսկ աշուղի տան բակում ժամանած բազմաթիվ հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու աշուղի հայրական թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը:

«Ջիվանու օր» տոնակատարությունն իրենց կատարումներով գեղեցկացրին «Սայաթ-Նովա» աշուղական երգի, Կարզախի Ջիվանու անվան ժողովրդական երգի-պարի անսամբլները, շրջակա բնակավայրերի երգի ու պարի համույթները, արարողության առիթով Գերմանիայից հատուկ ժամանած Մյունխենի «Անուշ» պարախումբը և այլն:
Կարևորելով Ջավախքում զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը՝ այս տարի կազմակերպվել էր «Կարզախի բարիքներ» անունը կրող գյուղական մթերքների տոնավաճառը, նաև՝ օրվա թեմային համահունչ հուշանվերների վաճառք, որից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է տուն-թանգարանի զարգացման ծրագրերին: Նմանատիպ միջոցառումները շարունակելու են ընդլայնել Ջավախքի հոգևոր մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը միտված ծրագրերի իրականացումն ու աջակցումը:

Գայանե Միրիջանյան