Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Ստեփանյանն ազատվել է աշխատանքից: Ապա հավելեց, որ պոլիկլինիկայի աշխատակիցների մեծամասնությունը ստորագրահավաք է ներկայացրել Երևանի քաղաքապետին` նշելով, որ նախընտրում է պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատարի տեղում տեսնել իրենց նախընտրած թեկնածուին, որը նախկինում փոխտնօրեն էր և ընդունված էր կոլեկտիվի կողմից:

«Այսօր Երևանի քաղաքապետարանից տեղեկություն ստացվեց, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար գուցե նշանակվի մեկ այլ բուժաշխատող, ում փաստորեն կոլեկտիվում չեն ընդունում և ասում են, որ եթե այդ բուժաշխատողը դառնա տնօրեն, նա կաշխատի նախկինի պես կամ նույնիսկ ավելի վատ»,- շեշտեց Խաժակյանը:

Այսօր նաև PrimeNews.am-ի խմբագրություն էր դիմել թիվ 16 պոլիկլինիկայի բուժաշխատողներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ մոտ 112 ստորագրություն է հավաքվել և ուղարկվել Երևանի քաղաքապետարան, որպեսզի իրենց նախընտրած թեկնածուն լինի պոլիկլինիկայի տնօրեն, որը , ինչպես արդեն նշեցինք, նախկին փոխտնօրենն է թիվ 16 պոլիկլինիկայի: Մեր զրուցակցի խոսքով, օրվա երկրորդ կեսից պոլիկլինիկան գրեթե չէր աշխատում, քանի որ աշխատակիցների մեծ մասը գործադուլ էր արել, իսկ մնացած փորաթիվ աշխատակազմը լուռ իրենց աշխատանքն էին կատարում շենքի ներսում՝ չխառնվելով ոչնչի:

Ըստ բուժաշխատողի, առավոտյան ժամը 09:00-ից նրանք նորից կսկսեն գործադուլն ու կներկայացնեն իրենց պահանջները, թույլ չտալով Երևանի քաղաքապետարանին՝ պոլիկլինիկայի ժամանակավոր տնօրեն նշանակել իրենց կողմից չընդունված մարդու, քանի որ մեր զրուցակցի համոզմամբ «այդ թեկնածուն ևս կլինի կաշառակեր և ապօրինի գործերի մեջ թաթախված մեկը, ինչպես որ նախորդն էր»:

Հիշեցնենք, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները տևական ժամանակ է ահազանգում են Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցություն պոլիկնիկայի տնօրենի կողմից իրականացվող ապօրինությունների վերաբերյալ. տեղեկացնում է ԵԼՔ խմբակցության լրատվական ծառայությունը:

 

Արմինե Միքայելյան