Արդեն իսկ տեղեկացրել ենք հուլիս 8-֊ին Երևանում Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մասնակցությամբ կայացած «Լեգենդների խաղի» մասին: Հանդիպման երկրորդ օրը, այսօր, վարչապետ Փաշինյանն ընդունել է խաղին մասնակցած ֆուտբոլիստներից մեկին՝ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին։ Վերջինս Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին նվաճել է աշխարհի, 2000-֊ին՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումները։

Փաշինյանը ողջունել է ֆուտբոլիստին` հույս հայտնելով, որ հանրահայտ ֆուտբոլիստի կապը Հայաստանի հետ շարունակական բնույթ կունենա «և դուք այդ համագործակցությամբ կաջակցեք Հայաստանի ֆուտբոլին, ենթակառուցվածքների զարգացմանը, նոր սերնդին էլ կներշնչեք սկսել ֆուտբոլիստի կարիերա»:

Յուրի Ջորկաեֆն առաջին անգամը չէ, որ Հայաստանում է, այստեղ է եկել նաև Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի պատվիրակությունների հետ:

«Իմ արյունը հայկական է, ֊հպարտությամբ հայտնել է Յուրի Ջորկաեֆը, -այն, ինչ դուք արեցիք վերջերս, հրաշալի էր, աննկարագրելի։ Դուք ոչ միայն ոգեշնչեցիք ու հույս տվեցիք շատ հայերի, այլև փոխեցիք պետության դեմքը։ Այժմ հնարավորություն կա ինչ-որ բան անելու ճիշտ ձևով, դրա համար ես ցանկանում եմ հարցնել Ձեզ, թե ինչո՞վ կարող եմ օգտակար լինել երկրին։ Ես էլ ուզում եմ իմ քայլն անել։ Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում»:

Շնորհակալություն հայտնելով հայազգի ֆուտբոլիստին թավշյա հեղափոխության հետ կապված արձագանքի համար` վարչապետը համոզմունք է հայտնել, որ նա իր ծրագրերով մեծ էներգիա կհաղորդի հայկական ֆուտբոլի զարգացմանը:

                                                                                                                    Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ