Հայաստանում է ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, կիթառահար, կինոպրոդյուսեր, ռեժիսոր եւ նկարիչ Ստաս Նամինը: Նրա «Հայաստանի հնագույն տաճարները» եւ «Իրական Կուբան» վավերագրական ֆիլմերն ընդգրկված են «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» եւ «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրերում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նամինը հայտնեց, որ նրա համար մեծ պատիվ է մասնակցել կինոփառատոնին։ Կուբայի հետ նա կապ ունի հայտնի պապի՝ Անաստաս Միկոյանի միջոցով։ Միկոյանը մտերիմ է եղել Ֆիդել Կաստրոյի հետ: Թերևս դա էր «Իրական Կուբան» ֆիլմի առաջացման պատճառը: «Կուբան եւ Հայաստանը փոքր երկրներ են, որոնց մասին շատերը ոչինչ չգիտեն », -նշեց Նամինը: Նա նաև պատմեց Կաստրոյի՝ իրենց տուն այցելության մասին: «Երբ Ֆիդել Կաստրոն եկավ Մոսկվա մեզ մոտ հյուր, նա մեր տանն էր հիմնականում ապրում: Ֆիդելը պապիկիս ասաց, որ երբևէ չի տեսել ձյուն: Ես գնացի և նրա համար ձյուն բերեցի», -պատմեց ռեժիսորը:

Խոսելով «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմի մասին՝ Ս. Նամինը նշեց, որ այն նկարահանել է որդու՝ Արտյոմի հետ: «Սա ինձ համար շատ լուրջ նախագիծ է, որովհետև Հայաստանն իմ միս ու արյունն է», -խոստովանեց նա:
Նամինն առաջին անգամ Հայաստանում է եղել 14 տարեկանում։ «Տարօրինակ է, որ Ռուսաստանում և աշխարհում շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին, իմ նպատակներից է եղել ինչ-որ չափով մարդկանց տեղեկացնելը Հայաստանից: Ֆիլմի միջոցով փորձել եմ ասել, որ հայերը աշխարհի միակ ազգն են, որ պահպանել են իրենց գենետիկ կոդն ու ինքնությունը», -հավելեց նա:

Ստաս Նամինը նաև խոսեց Հայաստանի թավշյա հեղափոխության և ներքաղաքական իրադարձությունների մասին: «Դա ազգի քաղաքակրթական բարձրագույն որակի դրսևորում է, երբ չեղավ ոչ մի ագրեսիա: Աշխարհում երբեք այսպիսի բան չի եղել։ Երկրի ղեկավարությունը չկարողացավ ու չցանկացավ սեփական ժողովրդի դեմ պայքարել», -նշեց Նամինը:

Ալեն ԱՎԱԳՅԱՆ