Ժողովո՜ւրդ ջան, տպավորություն չեք ստանո՞ւմ, որ էդ Մասիսի քաղաքապետը… ձուկ է: Ես ստանում եմ: Ինչո՞ւ: Որովհետև երկուսուկես ամիս է՝ բռնում են, չի բռնվում, պլստում, նորից իրա վիլլայի լողավազանն է ընկնում:

Լա՜վ, ինչքա՞ն կարելի է: Եթե տեսնում եք, որ էդ մարդը ձո՛ւկ է, ապա ձուկ բռնելու համար հատուկ միջոցներ կան, դրանցո՜վ բռնեք, ա՛յ իրավապահ մարմիններ: Ուռկան չունե՞ք, գցե՜ք, էդ «ոսկե ձկնիկը» բռնե՜ք, մի հատ տեղում կապվեք վերին «ինստանցիայի» հետ ու կոտրած տաշտակի առաջ կանգնած էդ «ինստանցիայից» իմացեք՝ կոնկրետ ի՛նչ երեք պահանջ ունի դրանից, ուզածը փոխանցեք «ձկնիկին», որ սա էդ պահանջները բավարարի ու համ ի՛նքը պրծնի, համ էդ վերին «ինստանցիա՛ն» պրծնի, համ էլ մե՛նք պրծնենք: Թե չէ ինչքան կարելի է՝ «ձկնիկին» բռնում, տո ի՜նչ «ակվարիում», «ջակուզի՜» եք գցում, ինքն էդտեղից ավելի թարմացած ելնում, լեզուն լրիվ բացված՝ դնում, եթերում ձեզ ու մեզ թարմ-թարմ ձեռ է առնում ու շա՜տ էլ ճիշտ է անում: Ձեռ է առնում՝ ձայնակցելով նրանց, ովքեր «հարա՜յ» են տվել, թե «վհուկների՜ ո՜րս է ընթանում»: Ու այստեղ ուժ չունեմ՝ չանդրադառնամ «վհուկների որսի» հեռանկարից ահաբեկված էդ «պալիտտեխնալոգների» կեղծավոր վախին, թե նոր իշխանությունները «կարմիր գիծ» են անցնում…

Պարո՛ն «գրանտակերներ», գիտե՞ք՝ որն է «կարմիր գիծը»: «Կարմիր գիծն» այն արյան հե՛տքն է, որ ձեր սիրասուն հին իշխանությունները անպատիժ թափեցին, տրորեցին-անցան, երբ ծովն իրենց ծնկներից, իսկ արյա՛ն ծովը իրենց՝ ամեն չափ կորցրած բկներից էր: Ավելի լավ է, պարո՛ն «գրանտակերներ», հասցրեք-գցվեք գնացքի վերջին վագոնը, քանզի, Դավիթ Համբարձումյան դատող Մնացականն իզուր է վախենում, որ հաջորդ կայարանը նորից «Դավիթ Համբարձումյան» կայարանը կլինի: Հաջորդ կայարանը, բնավ չկասկածեք, Մասիսի հետ համեմատած՝ ավելի խոշոր նավահանգիստներ կլինեն ու Մասիսի նախկին քաղաքապետի հետ համեմատած՝ ավելի խոշոր «ձկներ» կլինեն՝ գայլաձկից միչև շնաձուկ. մեկ է մեջներդ դելֆին հո չկա՞, որ մարդ ափսոսա: Ու հերթ կանգնած էդ թեկնածուները բնավ թող չհուսան, թե մեր «ծովից ծով» անծով երկրի «ջրային օրենսդրության» անկատարության պատճառով դրանց ապագա «ակվարիումների» դռները բացովի-փակովի կլինեն: Այնպես որ, պարոնայք «գրանտակեր-պալիտտեխնալոգներ», դուք, ինչպես միշտ, էս անգա՛մ էլ խոհեմ եղեք էն «գառան» նման, որի համար գլխավորը մայրը չէ, կե՛րն է… Գլխներիդ ճարն էս անգա՛մ էլ տեսեք, մանավանդ որ դրա փորձը ունեք, շո՛ւտ «վերակողմնորոշվեք», թարմ «մաքի» գտեք, դրեք, նորից կթեք, ձեր տափա՜կ, անհա՜մ, անտաղա՜նդ «վերլուծությունները» հիմա էլ դրան թանկացրեք-ծախեք, քանի ձեր գրա՛նտը չի կտրվել, ու ձեզ էդ գրանտը տվողի ձե՛ռը չի կոտրվել: Հակառակ դեպքում, վախենում եմ, միայն գրանտի կտրվելով չպրծնեք, վախենում եմ, թափի տակ, լրացուցիչ մի էրկու բան էլ դնեն ու առանձնակի դաժանությամբ կտրեն: Բա իհա՜րկե, 20 տարի հալածվա՜ծ, ջղայնությունն ու մուռը զսպած մարդիկ են. կտրեցին՝ կտրեցին։

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ