Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում չանցկացնելու վերաբերյալ Անգլիայի տված խաղերին բազմիցս ենք անդրադարձել: Թունդ կռվազանի պես այն մինչև վերջ կռիվ տվեց՝ սեփական մարզակառույցները, ենթակառուցվածքները պահելով հարյուրտոկոսանոց պատրաստվածության մեջ՝ հուսալով, որ առաջնությունը ռուսների ձեռքից կխլեն, կբերեն թագուհու ոտքերի տակ կփռեն: Չեղավ:

Մեծ Բրիտանիայի երազածը չեղավ ու շատ բաներում չեղավ հենց այն պատճառով, որ Ռուսաստանի գլխին Պուտին ձյաձյա կա, սեփական երկրի քաշն ու կշիռն իմացող ղեկավար, ում անգամ հազար ու մի տեսակի սանկցիաները չկոտրեցին: Սակայն Անգլիային իր այս ցավով թողնենք դինջանա, բայց վախենամ, որ այդ գործընթացը ցավալիորեն կարճ տևի: Բանն այն է, որ Անգլիայի հավաքականը շատ էլ լավ է հանդես գալիս այս առաջնությունում: Այն արդեն կիսաեզրափակիչ է դուրս եկել, որտեղ մրցելու է ռուսներին հաղթած Խորվաթիայի ընտրանու հետ: Կիսաեզրափակիչն արդեն չափից ավելի լուրջ փուլ է՝ պահանջվածից ավելի ներկայացուցչական լինելու համար, իսկ սա նշանակում է, որ եթե երկրում արդեն իսկ չեն մտմտացել հեղինակավոր պատվիրակությամբ Ռուսաստան ժամանելու մասին, պարտավոր են մտմտալ ու եթե ոչ ավելի ներկայացուցչական՝ ասենք թագավորական ընտանիքի, գոնե երկրի վարչապետի մակարդակով:

Սակայն այստեղ առկա է չափազանց լուրջ խնդիր: Բանն այն է, որ Սկրիպալների հայտնի գործով մեր հարգարժան Թերեզա Մեյ ծյոծյան չափից ավելի է ջուր պղտորել ու հիմա մի տեսակ ամոթի պես բան է դառնում բացել այն մեկի դուռը, ում շեմին էն անդուր բանից ես արել: Սակայն գոյություն ունի ֆուտբոլային համայնք, ու այդ համայնքը խի՜ստ զորավոր է: Այն կարող է լրջորեն զայրանալ ու հարազատ հավաքականին չհարգելու համար Թերեզա Մեյից թողնել անվան ու ազգանվան սկզբնատառերը: Գուցե թե այստեղ հետագա ասելիքի մասով հեռանում ենք ֆուտբոլային թեմայից, սակայն չենք էլ կարող չնշել, որ մոտակա օրերին կայանալու է Պուտին-Թրամփ այնքան երկար սպասված հանդիպումը, և աշխարհի այս երկու հսկաների զրույցում կարող են շոշափվել այնպիսի կարևորության հարցեր, որ Թերեզա Մեյը նույնիսկ լուսանցքում հայտնվելու բախտից զրկվի: Այնպես որ, եթե բանականության մթագնման ինչ-որ տարրեր էլ կարող են նկատվել ոմնի կամ ոմանց մոտ, վատ չի լինի գոնե հետևել Սուրբ գրքում բանաձևված ճշմարտությանը՝ կա նաև քարեր ժողովելու ժամանակ:


                                                                                                                  Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ