Եթե Սարոյան եղբայրներն իրենց ազգի՛ն ծառայեցին ու ազգի համա՛ր նահատակվեցին, ապա Սարգսյան եղբայրները սոսկ իրենց բողազի՛ն ծառայեցին ու էդ նույն ազգը արար աշխարհով խայտառակեցին: Ինչպես մեր էն աննման Ռուբիկ-Ֆռունզին կասեր պրոֆեսոր Խաչիկյանը. «Ձեզ նմանները խայտառակում են մեր «րեսպուբլիկան»…

Ու եթե Ֆռունզի պարագայում հանիրավի էր մեղադրանքը, սրանց պարագայում ասվածն ավելի քան տեղին է հնչում:

Իսկ հիմա մի հարց տամ: Ո՛վ կարող է ասել՝ ո՛րն է «բիբիսի»-ի աստղ դարձած եղբայրների մեջ գլխավոր մեղավորը: Չափազանց ինքնավստահ կհամարեք, բայց, միևնույն է, կասեմ, որ ոչ մեկդ էլ չկռահեց: Եղբայրներից գլխավոր մեղավորը… չորրորդ եղբայրն է՝ ամենաավա՛գը՝ Ռոբերտ Քոչարյանը: Արյունակից չէ, բայց նույն «տնից» է ու նույն «բակից» է, նույն խմորից է ու նույն հորից է՝ Ագռավաքարից: Ու թե Մհերը էդ հորը մտավ, երբ նկատեց, որ ոտքերի տակի հողը երերում, իրեն այլևս վրան չի պահում, ապա սա հենց զգաց, որ հողը երերում է, մտավ էդ հորը, բայց հեռախոսը թաքուն վերցրեց հետը, որ «եղբայրներին» հորի միջից հրահանգ տա: Հետո՝ մյո՛ւս եղբայրները, հենց տեսան հողն իրենց ոտքերի տա՜կ էլ սկսեց երերալ, իրե՛նք էլ մտան էդ հորը, բայց արդեն ո՛չ թե Քոչարյանի պես պախկված՝ հեռվից հրահանգ տալու, այլ ջայլամի պես իրենց թանկագին գլխները էդտեղ սուս թաքցնելու: Արդյունքում՝ մարմնի էն հատվածը, որ դուրսն էր մնացել ու բաց էր մնացել, «բիբիսին» նկարեց, աշխարհին ցույց տվեց ու աշխարհով մեկ խայտառակ արեց:

…Դե ինչ, բեմելներդ շնորհավոր, եղբայրնե՛ր, ափսոս որ վարագույրն արդեն իջնում է, որ համ ձեր էդ բաց տեղը ծածկի, համ էլ վարագույրի հետևում ձեր «բեղմնավոր» գործունեության արդյունքները, ականջները խաղաղ, ամփոփեն… դատախազության ու ԱԱԾ ներկայացուցիչները:

Փարդան իջալ ա, «Ֆինիթա լյա կոմեդիա», ու հեչ չմտածեք. «Լո՜խ լյավ ա»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ