Այսօր Երևանում տեղի կունենա ֆուտբոլային մեծ հակամարտություն, որտեղ Եվրոպայի համաշխարհային աստղերը կմրցեն Հարավային Ամերիկայի լեգենդների դեմ։

Եվրոպայի հավաքականի կազմում համաձայնել են դաշտ դուրս գալ Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Խրիստո Ստոիչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգզը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լևան Կոբիաշվիլին, Դարիո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվադորե Սկիլաչին, Լոտար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիստով Դյուգարին և Ռոման Բերեզովսկին։ Լատինական Ամերիկայի հավաքականում աշխարհի չեմպիոններ Ռոբերտո Կառլոսի, Կաֆուի, Բեբետոյի, Ռիվալդոյի, Ռոնալդոյի հետ մեկտեղ դաշտ դուր կգան Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդերաման, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան։

Նախախաղյան ասուլիսում երկրպագուներին ողջունել է աշխարհի կրկնակի չեմպիոն, բրազիլացի Կաֆուն, ով առաջին անգամ է Հայաստանում։ «Ուրախ եմ, որ Հայաստանում եմ։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին։ Երկրպագուների համար վաղվա խաղն իսկական նվեր է լինելու, Երևանում կհավաքվեն հին ընկերները», -ասել է նա։ Նա հավելել է որ, կարևոր չէ, թե ինչպես կավարտվի խաղը, շատ ավելի կարևորը ֆուտբոլասերներին ուրախություն պարգևելն է։

«Բարսելոնի» և Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովն իր հերթին նշեց, որ Հայաստանում էլի է եղել և միշտ հաճույքով է ժամանում Երևան. «Յուրի Ջորկաեֆի հետ միշտ խոսում էինք Հայաստանի մասին, այս խաղից դրական սպասումներ ունեմ։ Մենք չենք մրցելու, պարզապես խաղադաշտում մեծ տոն է լինելու։ Ջորկաեֆի գործոնը հայկական ֆուտբոլի համար կարևոր է»։

Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 19։45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Խաղը կազմակերպել է գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա նման մի տոնի էլ վերածել էր հայկական ու առհասարակ խորհրդային ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի հանդիսությունը, իսկ այսօրվա հանդիպումը նվիրված է Երևանի 2800-ամյակին։





Սոնա ԳԻՇՅԱՆ