«Հայաստան» հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանն իր տարերքի մեջ է՝ էլի գրավ է դնում: Էս անգամ, ոչ ավել, ոչ պակաս՝ ոստիկանությունում, ու սրանք էլ Արային բաց են թողնում: Այս պատրվակով սկսենք մի «բլից» հարց ու պատասխան:

Առաջին հարց -Ո՛ւր գնաց Արան, երբ բաց թողեցին:

Պատասխան -«Բերդից» գնաց գործի, գանձապահից վերցրեց հիմնադրամի վերջին միջոցները ու գնաց ուղիղ Բրազիլիա-Բելգիա կարևոր խաղին իր (նույնն է թե՝ իր հիմնադրամի՛) ներդրումն անելու:

(Հ.Գ. Բրազիլիան, ինչպես գիտեք, պարտվել է, սույնով պայմանավորված՝ «Հայաստան» հիմնադրամն իր գործունեությունը դադարեցրել է, հոգաբարձուներն առայժմ «տաք» են, որ հիմնադրամի հաշիվներն արդեն ծայրից ծայր «սառն» են):

Երկրորդ հարց -Ի՞նչ կլինի, եթե Արան գրավ դնելու կամ խաղադրույքի հնարավորությունից հանկարծ զրկվի: Այսինքն՝ ի՞նչ կըլնի, եթե երկրում բուքմեյքերների գործունեությունը լրիվ արգելվի:

Այս հարցի պատասխանն ունի երկու տարբերակ:

Առաջին տարբերակ՝ Արան կկախվի:

Երկրորդ տարբերակ՝ Արան բոլորովի՛ն էլ չի կախվի, որովհետև «Հայաստան» հիմնադրամն Արան Վրաստանում կգրանցի, ու էդ արգելքը կշրջանցի: Այսկերպ հայաստանյան օրենքներն «Արայի հիմնադրամի վրա» չեն տարածվի, և ուստի «Արա-Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուները այստե՛ղ «կսառչեն» ու իրե՛նք Արային… կկախեն:

Երրորդ հարց -Լա՜վ, բա ի՞նչ անենք՝ էդ խևին կախաղանից փրկենք:

Պատասխան -Էկեք, որպես ազգովին պրծում, էս անգամ իրե՛ն՝ Արային, գրավ դնենք: Էդ «գանձը» սրտանց տանք «Վիվարոյին», իսկ «Վիվարոյին»՝ սրտանց տանք Սերժին ու Բոբին՝ որպես մեր երկրում իրենց արած միակ «հաջողված գործի» վառ առհավատչյա. վերջին հաշվով էդ մարդիկ օնլայն խաղադրույքների «ՀՆԱ»-ի գծով երկիրն աշխարհում «բարձրացրին»-տարան 29-րդ տեղ՝ ա՜յն պարագայում, երբ բո՛ւն ՀՆԱ-ի գծով մեզ տարան… Բուրկինա-Ֆասո։

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ