Տիգրան Խզմալյանն իր facebook-յան էջում գրել է «Ասեմ մի բան, որի մասին առաջ լռում էի: 2001 թվին Ստամբուլում էի, Օսմանյան կայսրությունում հայ երաժիշտների եւ այլ արվեստագետների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու առիթով: Պատիվ եմ ունեցել հանդիպելու Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին եւ կարճ հարցազրույցից հետո արժանացա նրա ժամանակից երկժամանոց զրույցի, որի ընթացքում նա հաղորդեց ինձ ցնցող տեղեկություն: Մեսրոպ Պատրիարքի պնդմամբ, 1999 թ. հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ Պոլսո, Երուսաղեմի եւ Անթիլիասի պատրիարքների պայմանավորվածությամբ ու որոշմամբ, նրանք պետք է հանդես գային ընդհանուր հայտարարությամբ, որը խիստ բողոքն ու անհամաձայնությունն էր հայտնելու այդ օրը Գարեգին Բ կաթողիկոսի օծությանը: Նամակը պետք է ծիսակատարության ընթացքում ընթերցեր հենց նա, Մեսրոպ Մութաֆյանը, այդպիսով բեկանելով Գարեգին Բ-ի ընտրությունը: Պոլսո Պատրիարքի այս խոսքերից հետո ես ապշած լռում էի, այդպես որ նա ինքը պատասխանեց չհնչած հարցիս: Ինչու՞ չընթերցվեց այդ նամակը: Հենց այդ պահին էր, որ լուր հասավ Երեւանում, Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած սպանդի մասին: Երեք պատրիարքները հայացքներ փոխանակեցին եւ որոշվեց ստեղծված ողբերգական վիճակում ձեռնպահ մնալ ազգը պառակտելու վտանգի տեսք ստացող այդ քայլից: Կրկնում եմ, դա ինձ անձամբ պատմել էր Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, Ստամբուլի իր առաջնորդարանում, 2001 թվականին: Սուրբ Գեղարդի խայտառակ պատմությունը վերջին կաթիլն էր, որից հետո ես որոշեցի հրապարակել սա: Ավելացնեմ՝  Պատրիարք Մեսրոպը ինձ չի հորդորել թաքցնել իր ասածը: Առ այսօր դա իմ անձնական որոշումն էր»:

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: