Ղարաբաղյան հիմնախնդիրը, ծագելով որպես ազգի կոլեկտիվ ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն իրագործելու կապակցությամբ առաջացած հակամարտություն, իր պատմական հիմքում սկիզբ է առել դեռևս 1920-ական թթ-ից, երբ խորհրդա-բոլշևիկյան իշխանությունները Անդրկովկասի խորհրդայնացման քաղաքականության համատեսքտում ոտնահարելով արցախահայության ազգային, պատմական, քաղաքացիական և քաղաքական իրավունքները՝ լռեցրին արցախահայության արդարացի պահանջը և արդարացի ձգտումները: Իրադարձությունների չարաբաստիկ զարգացումների արդյունքում Կովկասյան քաղբյուրոյի 1921թվականի հուլիսի 5-ի որոշմամբ և Ազգությունների ժողկոմ Ի. Վ. Ստալինի (Ջուղաշվիլի) վճռական ազդեցությամբ Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի կազմում` ստանալով ինքնավար մարզի կարգավիճակ: Ազգային, իրավական և պատմական արմատներ ունեցող ղարաբաղյան հիմնախնդիրը խորհրդային 70-ամյա իշխանության տարիներին ամեն կերպ լռեցվեց և կոծկվեց ու կրկին բորբոքվեց արդեն 1988 թվականին:

Ղարաբաղյան հիմնախնդրի արծարծման նոր փուլ դարձավ 1988թ-ի փետրվարի 20-ի պատմական որոշումը, ինչը և ուղենշեց մի ողջ պատմական գործընթացի առաջին փուլի սկիզբը: Հետագա տարիների դեպքերի ու իրադարձությունների ընթացքը և միջազգային գործընթացներն ինչպես ողջ հայության, այնպես էլ միջազգային հարաբերություններում կանխորոշելու էին զարգացումների նոր ընթացք, նոր իրողություններ ու գործընթացներ: Մասնավորապես խոսքը վերաբերվում է ԽՍՀՄ փլուզման գործընթացին, նորանկախ պետությունների ստեղծմանը, առաջացող ազգամիջյան և տարածքային վեճերին և դրա հետ կապված այլ իրողությունների: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա այստեղ սկսված համազգային շարժումը և պահանջատիրության գործընթացը որքան էլ բոլոր հնարավոր միջոցներով և մեթոդներով խոչընդոտվում էր ԽՍՀՄ ղեկավարության կողմից թե՛ ռազմական, թե՛ տնտեսական եղանակներով, միևնույն է, պսակվեց հաջողությամբ, ինչի ակնհայտ դրսևորումը և վառ արտահայտությունը դարձավ 1991թ-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը և հատկապես ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից օրեր առաջ` դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների մասնակցությամբ համաժողովրդական հանրաքվեի անցկացումը, ուր ժողովուրդը` իշխանության միակ աղբյուրն ու ինքնիշխանության միակ կրողը, միանշանակ «այո» ասաց անկախ պետականության կայացմանը և ինքնորոշման հարցադրմանը: Քվեարկության իրավունք ունեցողների 132.328 մարդուց 108.736-ը, այն է՝ ընտրողների 82.2%-ը մասնակցեց հանրաքվեին և իր 108.615 ձայնով` շուրջ 99.9%-ով «այո» ասաց ԼՂ անկախությանը:

Այս նույն ժամանակ ԽՍՀՄ փլուզման արդյունքում իրենց անկախությունը հռչակեցին նաև Հայասատանի ու Ադրբեջանի Հանրապետությունները: Սակայն նորանկախ պետություններին բաժանում էր անցյալից եկող խնդիրները և պատմական հակամարտությունը: Չհամակերպվելով արցախահայության արդարացի ձգտումների և պահանջների հետ ունենալով թվական և զինական գերակշռություն՝ Ադրբեջանն արդեն 1991թվականից մեծ թափով ռազմական գործողություններ սկսեց Ղարաբաղի և Հայաստանի դեմ, ինչը և հետագայում վերածվեց իսկական պատերազմական գործողությունների: Չնայած որ ԼՂՀ-ն ինքն էր հանդես գալիս որպես հակամարտող կողմ, բայց և այնպես ՀՀ-ն չէր կարող անտարբեր մնալ և մասնակցություն չունենալ պատերազմի, սովի, շրջափակման պայմաններում գտնվող արցախահայության կյանքին և չօժանդակել նրանց այն դեպքում, երբ միջազգային հանրությունը հակամարտության կողմեր դիտարկում էր ՀՀ-ին և ԱՀ-ին: 1988-ի ազգային պոռթկման արդյունքում Հայաստանում իշխանության եկած ղեկավարությունն ի դեմս Հայոց Համազգային Շարժման և նրա առաջնորդ, հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի, խնդիրը արդարացիորեն դիտարկեց և մշտապես դիտարկել է որպես ինքնորոշման իրավունքի վրա հիմնված քաղաքական խնդիր, որի նպատակն էր ապահովել արցախահայության, որպես սեփական անկախությունը նվաճած և պետականություն հռչակած ժողովրդի` հայության մի հատվածի իր երկրում ապրելու իրավունքի, անվտանգության, ազատ զարգացման վստահելի երաշխիքներ: Իրատես քաղաքականության, մեծագույն զոհողությունների և տառապանքների, միջազգային ուժերի կողմից գործադրվող խոչընդոտների հնարավոր մեկուսացման և, որ ամենակարևորն է, համաժողովրդական պայքարի արդյունքում էր, որ 88-ից սկսված և 1991-94թթ իսկական պատերազմի վերածված մարդկային և նյութական մեծ կորուստներ խլող ղարաբաղյան պատերազմն ավարտվեց Հայաստանի և Ղարաբաղի համար շահավետ պայմաններով, 1994թ մայիսի 12-ին կնքված հրադադարով: Իրականում հաջողությունների արձանագրումը հնարավոր եղավ իրատես քաղաքականության շնորհիվ:

Հաջողությունների հանրագումարն այսպիսին էր.

* Հայաստանի Հանրապետության վճռական աջակցության շնորհիվ Լեռնային Ղարաբաղը դիմակայեց ադրբեջանական ագրեսիան, ազատագրվեց ամբողջությամբ օկուպացված վիճակից,

* ազատագրվեց Շուշին, վերացվեցին այլ կարեւոր ռազմական հենակետեր,

* Հայաստանի Հանրապետության հետ հաստատվեց հուսալի ցամաքային կապ,

* ռազմական գործողությունները տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս,

* Լեռնային Ղարաբաղի շուրջ հաստատվեց հուսալի անվտանգության գոտի,

* ձեռք բերվեց Լեռնային Ղարաբաղի փաստական լիակատար անկախությունը,

* Ղարաբաղյան հիմնախնդիրը, որպես ինքնորոշման հարց, միջազգայնացվեց, ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը,

* Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես հակամարտության եւ բանակցային կողմ,

* Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար չստեղծվեց աննպաստ որեւէ միջազգային փաստաթուղթ։ 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում ինքնորոշման իրավունքի սկզբունքը տարածքային ամբողջականության սկզբունքին ստորադասելու միակ փորձը ձախողվեց ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կտրուկ հակազդեցությամբ:

Վարդան ՔԵՐՈԲՅԱՆ

(շարունակելի)