Մեր սիրո և համերաշխության կառավարության նիստերը հեռարձակվում, լուսարձակվում, սանձարձակվում են ի տես աշխարհի, Հայաստանի և Արցախի: Նիստերը, չկասկածենք, պետք է փրկեն Հայաստանը: Կփրկեն, թե ոչ, խնդրի ձևական կողմն է: Կարևորը չկասկածելն է: Գոնե այս փուլում: Եթե ասվածից ինչ-որ բան այնուամենայնիվ անպարզ մնաց, լրացուցիչ բացատրեմ: Տեսեք, եթե այս կրակ ամռանը մեզ հրամցվում է մի կանաչ կուժ՝ որից զով է փչում, մանկական խաբկանքով առաջին հերթին բնականաբար պետք է բավարարվենք նրա տեսքով , իսկ թե ի՞նչ կա կժի ներսում՝ աղբյուրի պղպջան ջուր, սառցասառն գարեջուր, թե տաք թանապուր, կարևոր չէ: Կարևորն այն է, որ կուժն առկա է և ծարավից տառապողներիս համար զովացման պատրանք է ստեղծում: