Ֆուտբոլային կատարյալ գեղագիտական հաճույք պատճառեցին աշխարհի միլիարդավոր ֆուտբոլասերներին Բրազիլիայի ու Բելգիայի ընտրաները, որոնք կազմել էին մեկ քառորդի երկրորդ զույգը: Հետին թվով շատ հեշտ է ասել, թե ինչ կլիներ, եթե, սակայն պատմությունը եթեները չի հանդուրժում, այն փաստում է ռեալ իրականությունը: Իսկ ռեալ իրականությունն այն էր, որ Բելգիայի խիստ համակրելի ընտրանին երկու գոլ հեղինակելուց հետո անցավ ժամանակ առ ժամանակ սրընթաց հակագրոհներով ուղեկցվող պաշտպանության: Բրազիլացիների առավելագույն արածն այն էր, որ կարողացան մեկ գնդակով կրճատել հաշվի տարբերությունը, ինչն այդուհանդերձ նրանց չզրկեց աշխարհի առաջնությունը լքելու տհաճությունից: Այսպիսով ավելի վաղ ուրուգվայցիներին 2:0 հաշվով հաղթած ֆրանսիացիները մեկ քառորդում մրցակից ստացան Բելգիայի հավաքականին ու չափազանց դժվար կլինի ասել՝ ինչ կլինի, եթե այդ խաղին բելգիացիները ներկայանան ուժերը վերականգնած: