Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդի առաջին հանդիպումը: Մրցում էին աշխարհի երկու նախկին չեմպիոններ՝ Ուրուգվայի ու Ֆրանսիայի ընտրանիները: Սպասվում էր լուրջ մրցակցություն, սակայն այն առանձնապես այդպիսին չստացվեց ու դա նաև ի հաշիվ նրա, որ ֆրանսիական աստղային թիմն անհամեմատ ուժեղ էր: Իհարկե հանդիպման ելքի վրա բացասաբար ազդեց ուրուգվայցիների կազմում վնասվածքի պատճառով Էդինսոն Կավանիի բացակայությունն ու Լուիս Սուարեսի չափազանց թույլ խաղն ընդհանրապես այս առաջնությունում, սակայն պիտի փաստենք, որ դիմակայությունում ուրուգվայցիների ողնաշարը վերջնականապես կոտրեց Անտուան Գրիզմանի գոլը, որն ավելի շատ հետևանք էր Ուրուգվայի ընտրանու փորձառու դարպասապահ Մուսլերայի կոպիտ վրիպման: Ինչևէ: 2:0 հաշվով հաղթանակը ֆրանսիացիներին հանեց կիսաեզրափակիչ: