Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պաշտոնավարման երկու ամսվա ընթացքում բյուջետային մուտքերի բարձր աճ է գրանցել։ Հատկանշական է, որ աճը գրանցվել է ոչ այնքան հարկերի հավաքագրման, որքան ձեռնարկված հակակոռուպցիոն գործողությունների հաշվին։ Այս մասին հաղորդել է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը:

Ըստ արված հետազոտության՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս ուժային, քննչական և հարկային մարմինների կողմից բացահայտվել է ընդհանուր առմամբ 58 չարաշահման դեպք, ավելի քան 21 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Այդ ցուցակի մեջ մտնում են «Երևան սիթի» առևտրային ցանցի (7,2 մլրդ), «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության չարաշահումները (3,3 մլրդ), գյուղատնտեսության ոլորտում չարաշահումները (1,4 մլրդ), «Սպայկա» ընկերությունը (2 մլրդ) և այլն։ Ցուցակում ներառված չեն Մանվել Գրիգորյանի, Վաչագան Ղազարյանի, «Երևան» հիմնադրամի հետ կապված բացահայտումները: Վերջիններիս կողմից պետությանը հասցված վնասի չափը դեռ հայտնի չէ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը նշում է, որ վերոնշյալ 21 մլրդ դրամի մոտ 25 տոկոսը՝ 5 մլրդ դրամը, հունիսի 26-ի դրությամբ արդեն իսկ վերադարձվել է պետական գանձապետարան։

Բացի դրանից պարզվել է, որ 2018 թվականի մայիս ամսվա ընթացքում հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը. պլանավորված 109 մլրդ դրամի փոխարեն՝ մայիսին միասնական գանձապետական հաշվին մուտք է եղել 111 մլրդ դրամ։ Փորձագետների կանխատեսումը՝ կապված անցումային ժամանակահատվածում հարկային մուտքերի հնարավոր նվազման հետ, տեղի չի ունեցել. հակառակը՝ արձանագրվել է 2 մլրդ դրամի աճ։

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս աջակցություն է հայտնում Հայաստանին կոռուպցիան արմատախիլ անելու հարցում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հիշեցնում է, որ Եվրամիությունը դեռևս 5 տարի առաջ Հայաստանին 15 մլն եվրոի դրամական աջակցություն էր հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Սակայն այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ստեղծել և ղեկավարում էր կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, որևէ շոշափելի արդյունք այդպես էլ չգրանցեց։