Այո՛, այ այսպե՛ս «Վիվարոն» բքին ոտները կտնկի: Բայց վայ թե բուքը միայն բուքմեյքեր իր հետ չտանի, վայ թե բուքն իր հետ Հ1-ն էլ տանի որպես երաշխավորված գովազդառուի (հիշեք՝ տարիներ առաջ Ռուբեն Ջաղինյանն այն ժամանակ շարքային պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ոնց էր հեգնում), «Հայաստան» հիմնադրամն էլ հետը տանի՝ ախր Արա Վարդանյանի ջանքերով համաժողովրդական հանգանակությունները գերազանցապես էստեղ էին ֆռֆռում:

Պատկերացնո՞ւմ եք, համախառն ներքին արդյունքի՝ 12 միլիարդ ԱՄՆ դոլար ցուցանիշով (նոմինալով) սույն 2018 թվականին աշխարհում մենք Մավրիկիայի հետ 125-126-րդ տեղերն ենք կիսում: Մեզանից վերև, ի՞նչ Աստված, Ալբանիան է, իսկ մեզնից ներքև՝ Բուրկինա-Ֆասոն:

Բնակչությա՛ն թվով 2015-ի դրությամբ 136-րդ տեղն էինք զբաղեցնում, թեպետ ցնցող է ՄԱԿ-ի սոցիալական ու տնտեսական հարցերի գծով դեպարտամենտի մեզ վերագրված այդ 3 միլիոն 17 հազար 712 շունչ ցուցանիշը, քանզի էդ շնչերի կեսը վաղուց կամ Հյուսիս կամ Արևմուտք են քոչել՝ առանց առաջիկայում գալու նպատակի: Ինչևէ, սրանց կողքին պարզվում է, որ մենք օնլայն խաղադրույքներով աշխարհում գտնվում ենք 29-րդ տեղում, իսկ մերոնց կատարած խաղադրույքները խաղադրույքների համաշխարհային շուկայի ոչ ավել, ոչ պակաս՝ 1,1 տոկոսն են կազմում: Եւ սա այն պարագայում, երբ մեր բնակչության՝ անգամ «կրակած» հիշյալ թվերով՝ մենք աշխարհի 7 միլիարդ 328 միլիոն բնակչության ընդամենը (կլորացրած) 0,04 տոկոսն ենք կազմում, իսկ մեր ՀՆԱ-ն համաշխարհային համախառն արդյունքի՝ 75 տրիլիոն 278 միլիարդ դոլարի (կլորացրած) 0,016 տոկոսն է կազմում:

Դե ինչ, նոր վարչապետն ու բուքմեյքերների գործունեությունն արգելող օրենսդրական նախաձեռնության հեղինակ Աժ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ ահա արձանագրեցին բուքմեյքերական աշխարհում մեր այս զարմանալի «առաջընթացն» ու մեր «հաջողությունները» ու վճռեցին այսօր դրա դեմն առնել: Առանց չափազանցության՝ այս «արգելափակումը» ավելի մեծ լումա կմուծի մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գործում, քան բոլոր բռնած-բաց թողածների «մուծածներն» իրար հետ: Իսկ եթե տված տնտեսական էֆեկտը սպասվածը չլինի, գոնե ժողովրդի փլուզվող արժեհամակարգը պայմանավորող ուղղություններից մեկի դեմը կառնվի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ