2017-2018 մրցաշրջանն իսպանական ֆուտբոլում վերջինն էր կատալոնական «Բարսելոնի» արդեն նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայի համար։ Ֆուտբոլի այս աշխարհի առաջնության շրջանակներում նա, ինչպես հայտնի է, Ռուսաստան ժամանեց որպես ճապոնական <<Վիսել Կոբի>> ակումբի ֆուտբոլիստ։ Ռուսաստանից կրած պարտությունից հետո Իսպանիայի հավաքականը դուրս մնաց աշխարհի առաջնությունից՝ ռուսների հետ խաղը նրա համար վերածելով երկրի հավաքականում վերջին մրցելույթի։ Երկրպագուներին ուղղված բաց նամակում Ինիեստան հայտնել է, որ ինքը պաշտոնապես հրաժեշտ է տալիս Իսպանիայի հավաքականին. «14 տարի առաջ ես առաջին անգամ հագա ազգային հավաքականի մարզաշապիկը: Երբեք չեմ մոռանա այդ պահը: Դա և՛ երազանք էր, և՛ մեծ պատասխանատվություն:

Իմ բախտը բերեց, որ ես խաղացի Իսպանիայի հավաքականի լավագույն սերնդի հետ, որը կարողացավ մեծ նվաճումների հասնել: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում, շատ հաճելի էր այսքան տարի ձեզ հետ կիսել հավաքականի հանդերձաարանը:

Եկել է ճանապարհը զիջելու ժամանակը: Սա հեշտ որոշում չէր: Այս մասին մի քանի ամիս մտածել եմ: Հիմա մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք, և այսուհետ նրանք մեկ երկրպագու ավել կունենան, որը բոլոր հարցերում աջակցելու է իր հավաքականին: Չեմ կասկածում, որ նրանց հիանալի ապագա է սպասվում: Շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, այս տարիների ընթացքում իմ կողքին լինելու համար: Ընդմիշտ «Կարմիրների» հետ: Եվ վերջապես հատուկ շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս: Շնորհակալ եմ անգնահատելի աջակցության և միշտ կողքիս լինելու համար: Լավագույն բարեմաղթանքներով՝ Անդրես Ինիեստա»:

Սոնա ԳԻՇՅԱՆ