Աշխարհը կարող է նոր ֆինանսական գլոբալ ճգնաժամի առաջ կանգնել: Այս մասին հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը, հավելելով, որ ճգնաժամը կառաջանա այն պատճառով, որ նախ դոլարն է հետեւողականորեն թանկանում եւ ապա զարգացող շուկաներից նկատելի է կապիտալի արտահոսք:

Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg հանդեսը: Իր ավանդական ելույթով հանդես գալով Փարիզում, Սորոսը նկատել է, որ եթե իր նշած ճգնաժամը լինի, ապա այն նախ եւ առաջ կհարվածի Եվրոպական Միությանը:

Անդրադառնալով ԵՄ ապագային, Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի լուծարումը մի կողմից եւ տրանսատլանտյան գործընկերության խզումը ԱՄՆ եւ ԵՄ միջեւ մյուս կողմից, էապես վատ վիճակի մեջ կդնի ԵՄ տնտեսությունը:

«Այն, ինչը որ պետք է սխալ հունով ընթանար, արդեն ընթացել է»,- ասել է Սորոսը: Նա անդրադարձել է նաեւ Եվրոպայում միգրացիոն հոսքերին, նշելով, որ միգրացիոն խնդիրները Եվրոպայի համար դարձել են գոյաբանական սպառնալիք եւ դա իրականություն է, որից խուսափելն անհնար է այլեւս: