Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որով ողջունում է մարտիմեկյան ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերը` «2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ» ՀՔԾ կողմից քրեական գործի հարուցումը դիտարկելով որպես այդ նպատակով կատարված կարևորագույն քայլ:

«Կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խփել է ճիշտ նշանակետին` որպես հանցագործության բացահայտման բանալի դիտելով քոչարյանական ռեժիմի կողմից իշխանության հակասահմանադրական բռնազավթման փաստը», -ասված է հայտարարության մեջ:

Կոնգրեսի ներկայացուցիչները հույս են հայտնում, որ գործի քննությունը անխուսափելիորեն կհանգեցնի մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող բոլոր հանցագործությունների` սպանությունների, հազարավոր քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների և հալածանքների, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ՀՀ Նախագահի թեկնածուի ազատ տեղաշարժի և այլ իրավունքների սահմանափակումների, Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշումների, ընտրությունների կեղծման, կեղծ մեղադրանքներով դատավարությունների և այլ հանցագործությունների ամբողջական բացահայտմանը:

Նրանք նաև համոզված են, որ գործի համակողմանի քննության արդյունքում կարդարացվեն և կրած զրկանքների դիմաց փոխհատուցումներ կստանան անխտիր բոլոր քաղբանտարկյալները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել օժանդակություն ցուցաբերել քննությանը և քննչական մարմիններին տրամադրել իրենց ձեռքի տակ առկա բոլոր փաստաթղթերը: Կոնգրեսը այս հարցերով իր ներկայացուցիչ է նշանակում Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին: