Աջից ու ձախից, վերից ու վարից, տաք ու հով տեղից ձայներ են գալիս, թե հեղափոխությունից հետո ի՛նչն է շատ, «գործ տվո՛ղը»: Շա՜տ հետաքրքիր մարդիկ եք ախր. երկրում գործ չկա. «չտա՞ն», որ… ըլնի… Համ էլ, հիշե՛ք, միշտ, ամեն հեղափոխությունից հետո ամենաշուտը կողմնորոշվում են «գործ տվողները»՝ հույս ունենալով, որ ում դեմ «գործ տան», դրա գործը կառնեն, կտան իրենց: Սակայն դրանց մեջ նաև աննման նե՜նց կերպարներ կան, որոնց գործ պետք չէ, որոնք գործ անելու հարցում հարցական նշանն են, իրենց ուղղակի նյարդայնացնում է, որ էդ ուրի՛շը ձեռքին գործ ունի: Թե հիվանդանալու սիրուց տառապողի ցավին Մյունհաուզենի սինդրոմ են ասում, ապա սրան ասենք «կլյաուզնի» սինդրոմ: Սա՝ երեսը, իսկ աստա՞ռը: Աստառը, հարկավ, երեսից կարևոր է, և ուստի անցնենք էդ կարևորին. «գործ տան-չտան», ջհանդամ, բայց անգործ էս երկրում ո՛ր ջհանդամից էդքան «տալու» հարմար գործեր: Վերջիվերջո, չէ՞ որ շատ հաճախ պարզվում է, որ դրանք, իրենց էդ «գործ տալով», հետն էլ հսկա գործ են դրել-բացահայտել: Խնդրե՛մ, մի օրինակ միայն: Կա՞ մեր «չափսի» ուրիշ պետություն ու երկիր, որի նախագահի ամենավստահելի պաշտոնատար անձը, խրոխտ թիկնապահ այրը ու էդ այրի կինը, օրը ցերեկով մի «հսկայակա՜ն», «ծա՜նր» մարմին դարձած, էնքան դրամ են ուզում բանկից հանել-տանել, որն հանելու համար էքսկավատոր է պետք, իսկ տանելու համար «Բելազ» կամ գոնե «Կռազ»: Հապա պատկերացրե՛ք` մեկ ու կես միլիարդ դրամ, հետն էլ գլուխ ջարդեք, թե էդ անխիղճները ո՞նց էին հայթայթելու արտադրությունից ելած «Բելազ» կամ «Կռազ», ի՞նչ փոխադրամիջոցով էին դրամն էդ տանելու և, որ ավելի կարևոր է, ո՛ւմ էին դա տանելու…

«Գործ տվողներից» եք վատանո՞ւմ, բարի՛, էլի՛ վատացեք, բայց սրանցի՞ց ոնց է հեչ չեք վատանում: Սրանք իրենց գլխու միլիարդ ու կես բարձել ու ուզում էին տանե՞լ: Քանի՞ գլխանի էին, շատ-շատ՝ էրկո՛ւ. մի մարդ ու մի կնիկ, «Բարեկենդանի» էն զույգ ջնդոյի պես, բայց թե նրանք՝ շաշ, սրանք՝ և շաշ, և ծանր-ծանրաքա՜շ. բա հանա՞ք բան է մոտ հազար «փաթեթ» քսանհազարանոց բանկից հանելու, հետը տանելու հույսը…փայփայել : Ախր դրանց գլխի էդ տեր-տնօրենը իրենցի՛ց շաշ է. էդպես շաշ՝ ոնց է տասը-քսան տարի երկիր կառավարել, ձեզ կառավարել, մեզ կառավարել: Հիմա համոզեցի՞, որ մենք ավելի շաշ ենք, քան ինքն ու բանկի քուչեքն ընկած իր էդ ջնդոները… Ազգիդ նախարարն էր, ազգիդ նախագահը, ազգիդ վարչապետը, մի ձեռն Ավետարանին, մյուսն իր ձեռքով գրած էն մյուս գրքին դրած, Աստծո ու մեկ էլ քո անունով թունդ երդված քո ընտրյալն էր ախր, ժողովո՛ւրդ ջան: Թե չէ՝ «գործ տվողնե՜ր»: Ինչքան էլ երկրում «գործ տվող» լինի, քանի սրանք կան, քանի մեզ նման «շաշերի» գլխին նման «տերերը»

դեռևս տեղ ունեն, էդ «գործ տվողները» դրանց ու մեր՝ «շաշերիս» ստվերում կմնան: Եւ ուստի, «գործ տվողների» էդ սև գործից խորշող տիկնայք-պարոնայք, նախ էդ ընչաքաղց «գործ անողների՛» գործն ըստ արժանվույն գնահատեք, նոր «գործ տվողների՛»… Բայց զգո՜ւյշ եղեք. գնահատական տվիք, ձեզ էլ «Ֆեյսբուքում» կասեն… «գործ տվող»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ