Հեղափոխությունը կամա՜ց տեղափոխություն է դառնում: Ու երկրում կատարվում է մի քանի տեսակ տեղափոխություն:

Առաջին տեսակ -ԱԱԾ վաշտի շա՜տ կուլտուրական ու կիրթ ներխուժում դուռը նման կիրթ ներխուժողների առաջ միշտ լայն բաց Շմայսջանի տուն՝ «ոտներս ձեր տանը թող խերով լինի» ԱԱԾ վաշտի աղաղակներով, դրանից հետո՝ Շմայսին տրված շա՜տ անմիջական հարց, թե «մի գարաժ զենքն էս ոնց ես ճարել ու ինչ գնով, ախպե՞ր», Շմայսի առավել անմիջական ու ուրախ պատասխան, թե «տեղերը պտի իմանաս, ախպե՜ր», իսկ ապա, ճամփին, ճաղերով սիրուն զարդարած-սարքած մեքենայի մեջ նարդի խաղալով, շա՜տ կուլտուրական տեղափոխություն քննիչի սենյակ, հարցաքննություն՝ «ոնց ես, ոնց չես» ու «դու լավ ըլնես, ախպե՜ր» թեմայով, 50-50 խում, ու 50-50՝ բռնագրավածի շուրջ խոսակցություն ու…«միգալկեքով» Շմայսի շա՜տ ճոխ տեղափոխություն՝ նորից դեպի տուն, Շմայսի գոհ ու շնորհակալ տուն:

Կա երկրորդ տեսակ «տեղափոխության»՝ անկուլտուրական. դեմքը առնում, ծեփում ես, կապոտին, ապա նոր բացականչում. «արա՞… մոռացանք, թե խի էինք էկել», հետո բռնածը սիրուն փաթաթում, մեկուսարան ես «փաթեթը» տանում՝ հույսով, թե ճամփին կհիշես, թե խի՞…

Երրո՜րդ տեսակի տեղափոխությունն էնքան չքնաղ է, որ էդ տեսակի տեղափոխության մենաշնորհը սահմանադրությամբ, բնականաբար, միայն ու միայն վարչապետինն է: Ըստ երրո՜րդ տեսակի այդ տեղափոխության՝ ինչքան «Ֆեյսբուքում» ընկերուհի ունես, «Ֆեյսբուքից» հանում, մի հրամանով , «չքնա՜ղ երամով» տեղափոխում ես մինիմում մարզպետի տեղակալի… նստաթոռ: Հապա մի նայեք՝ ի՜նչ «չքնաղ երամ» է.

Անահիտ Սարգսյան՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ.

Լարիսա Մադոյան՝ Կոտայքի մարզպետի տեղակալ.

Նանե Ասատրյանը՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալ…

Ժամանակին շատ հայտնի երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ չէր դիմանա ու, զլելով, ո՜նց կձգեր.

-Հայո՛ց ա՜ղ-ջի՜կ-նե՜ր, ձե՜ր ցավը տա-նե՜մ…

Եւ վերջապես չորրո՜րդ տեսակի տեղափոխություն. պայծառ ապագադ տանող անցման շրջանդ անցնո՜ւմ ես, անցնո՜ւմ, սակայն չես անցում, որովհետև ախր… շրջա՜ն է, իսկ շրջանը ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Ուստի,

ջղայնացած, դնում-անում ես հեղափոխություն, բայց հենց հեղափոխությունն անում ես, ջղայնությունդ անցնում է, ու, բնականաբար, էլ շա՞տ ես հիշում, թե ջղային պահիդ ինչո՛ւ արեցիր հեղափոխություն …

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ