Փողը փող է սիրում, իսկ Գագիկ Խաչատրյանը՝ շա՜տ փող
Մինչ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վայելում է «վաստակած» հանգիստը, ողջ հայությունը, շունչը պահած, սպասում է, թե երբ է վերջապես ԱԱԾ-ն թակելու նրա դղյակների դռները, օրենքի տառի ու բառի ոգով նրան «շա՜տ կուլտուրական» կանչելու անկեղծ, սրտամոտ զրույցի:

Ասենք, որ սույն Գագիկ Խաչատրյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Այդ նրան են վերագրվում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, «Ապերյոն», «Մեգաֆուդ», «Մեգա մոթորս», «Չիմեգ» ՍՊԸ-ները, «Սանտաֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, Ամասիայի կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն, և այլն: Ընկերությունների ու ՍՊԸ-ների տեսքով նրա ունեցածի առատության մեջ զարմանալի բան չկա, քանզի փողը փող է սիրում, իսկ Գագիկ Խաչատրյանը՝ շա՜տ փող: Սակայն օրինական հարց է առաջանում՝ սույն օրհնյալ անձն այդ ե՞րբ է հասցրել կուտակել իր վիթխարի  հարստությունը և դրա առնչությամբ  ի՞նչ կարող է հուշել նրա կենսագրականը, որից մենք համեստորեն առանձնացրեցինք նրա պաշտոնավարման ժամանակագրությունը:

Պաշտոնավարման ժամանակագրություն
Մինչև 1996 թվականը մեր ուշադրության կենտրոնում հայտնված արգո անձն առանձնապես երևելի ճանապարհ չի անցել, որ վերցնես ու օրինակելիության առումով հանուրի սեփականությունը դարձնես, թեպետ դրան անդրադառնալու պատեհություն մենք ունենալու ենք ու անհրաժեշտաբար ենք ունենալու:

Գագիկ Խաչատրյանի աշխատանքային վերելքը սկսվել է 1996-ից, երբ վերևներում անզոր եղան չնկատելու երկրի հարկային մարմիններում օրենքների միջանցքներում դրսևորվելու նրա անուրանալի տաղանդը:

Ու՝ գնա՜ց:

2008-ին հետևեց ՊԵԿ նախագահի պաշտոնում նրա նշանակումը, ինչը նշանակեց իշխանավորման ամբողջ վեց տարի: Դրանք ոսկե ժամանակներ էին նրա ու նրա սիրելի կադրերի համար: Այդ հիմա են նրանք անմորմոք կարոտախտով հիշում, որ ՊԵԿ կառույցի հանգուցային օղակներից մեկում ղեկավար պոստի անցնելն ամենահասարակ հաշվարկներով երկու-երեք տարում նշանակում էր առնվազն այդքան միլիոն դոլար, ինչը որևէ բիզնես հիմելու համար մեկնարկային բնավ էլ վատ հարթակ չէր:

2014-ին ՊԵԿ-ի նախագահի որակում ՀՀ նախագահին «հոգնեցրած» Գագիկ Խաչատրյանը հրամանագրվեց որպես ՀՀ ֆինանսների նախարար: Պաշտոնավարման տարիներին վերջինս հասցրեց լինել «սուպերնախարար» և իր հսկողության տակ վերցնել երկրի ողջ ֆինանսական ռեսուրսները՝ ՊԵԿ-ը միավորելով ֆինանսների նախարարությանը: Բացառապես ազնիվ նպատակներով իրականացված այս կլանումը շա՜տ հեռանկարային բաներ կարող էր խոստանալ, սակայն 2016-ին Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը Գագիկ Խաչատրյանին գլորեց թախտից:

Սակայն նրա անհետևանք այս գլորումը թողնենք մի կողմ ու փորձենք տեսնել, թե ի՞նչ կյանքով էր ապրում մեր հեր օրհնածը: Մինչ նախկին նախարարը պաշտոնավարման տարիներին ԱԺ-ում հետևողականորեն գուժում էր, որ Հայաստանի բյուջեն շատ համեստ է, բայց՝ իրատեսական, նրա միլիոնները, մեծ թափ ստացած, կրկնապատկվում ու եռապատկվում էին: Դեռ 2013թ․ վերջին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրում Խաչատրյանը նշել էր, որ ունի 272.000.000 ՀՀ դրամ և 2.972.000 ԱՄՆ դոլար, նրա կինը՝ Լաուրա Եփրեմյանը, հայտարարագրել էր 180.000.000 ՀՀ դրամ և 2.745.000 ԱՄՆ դոլար: Դե չէ, սրանցում արտառոց ինչ-որ բան չկա՜՝ միլիոնատիրոջ սովորական ընտանիք, ու իրենց մեղքը ո՞րն է, որ ապրում են գերաղքատ երկրում:

Նախքան պաշտոնավարումը
Չէ, այնպես չէ, որ նախքան պաշտոնավարումը Գագիկ Խաչատրյանը Պանիկովսկու նման նշանավոր կույր էր: Ու քանի որ այս պարագայում «Ոսկե հորթի» հիշարժան Շուրան մեր այս քր․ գործում վերածվում է խիստ պայմանական անձնավորության, ուստի նրան՝ այդ պայմանական անձնավորությանը, չի էլ կարելի գործուղել Կիև, քանզի մինչև լուրջ պաշտոնավարումների անցնելը Գագիկ Խաչատրյանը դրսևորման միանգամայն այլ տեղանք է ունեցել:

Ուսումնասիրելով Գագիկ Խաչատրյանի 1977-1996թ․ աշխատանքային գործունեությունը՝ փորձում էի հասկանալ՝ որքա՞ն հարստություն կարելի է կուտակել ինժեներ-էլեկտրիկի կամ, ասենք, սովխոզ տեխնիկումում բաժնի վարիչի պոստերում դրսևորվելով: Այս դիտարկումների համար պատճառ է հանդիսացել տարեցտարի Խաչատրյանի տված միևնույն պատասխանն այն հարցին, թե ինչպես է կարողացել «միլիոններ դիզել»: Պատասխանն այդ եղել է լակոնիկ, հստակ ու ոչինչ չասող՝ «երկար տարիների «քրտնաջան» աշխատանքով»:

Քանի որ մինչև 1996թ․ վերջինիս վարած աշխատանքային գործունեությունն անհամատեղելի է կուտակած միլիոնների հետ, մնում է փաստել, որ Խաչատրյանը հարստացել է պետական պաշտոնյա լինելու տարիներին, որն էլ իր հերթին ոնց որ թե մեզանում անհամատեղելի է բիզնես գործունեության հետ: Բայց այստեղ էլ կա մի խոշոր բայց: Մեծահարուստ, այժմ արդեն պաշտոնաթող նախարարը բոլոր հայտնի և անհայտ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում մշտապես շեշտել ու շեշտում է՝ «Ես բիզնես չունեմ, եթե ունեմ՝ ապացուցեք»:

Ինչպես տեսնում ենք՝ մարդն իր բերանով իր դեմ գործ է տալիս, մնում է այն օրենքի տառի ու բառի ոգով «շա՜ տ կուլտուրական» ձևակերպել, ինչպես կարտահայտվեր մերօրյա դասական Շմայս Առաքելյանը:

Գագիկ Խաչատրյանն ու մամուլը
Լրատվամիջոցներն այնքան են անդրադարձել Գագիկ Խաչատրյանին, որ նա դադարել է  դրանց արձագանքելուց: Դե, առանձնապես մտահոգվելու առիթ էլ չկա՝ ձևական կողմը միշտ պահպանվել է: Նրա անմեղսունակության… ներողություն, անմեղության փաստը մեկ անգամ չէ, որ հավաստվել է: Օրինակ՝ 2013թ․ Հայաստանի նախագահի նստավայրում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովը որոշել էր «ստուգել» կա՞ արդյոք շահերի բախում Խաչատրյանի անվան հետ կապվող բիզնեսների և նրա պաշտոնավարման միջև: Ստուգել էր ու բա՜ն չէր գտել, իսկ եթե չկա գտնված բան, ապա ո՞ւմ պատասխանատվության կանչես ու ի՞նչ հիմքով:

Երբ «Հետքը» գրեց Խաչատրյանի որդիների կողմից Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում գնած 11 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան մասին, վերջինս պարզապես նշեց, որ զարմանալու պատճառ չկա, և հրապարակված տեղեկատվությունը որևէ բացահայտում չի պարունակում: Եվ, այնուամենայնիվ, ձևական կողմը պաշտպանելու համար, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ հրապարակումն ուղարկվեց Ազգային անվտանգության ծառայություն գործին ընթացք տալու համար: Ուղարկվե՛ց։ Է՝ հետո ի՞նչ։

Իսկ այն հարցին, թե ինչպես է գոյացել որդիների հարստությունը, Գագիկ Խաչատրյանը էլի պատասխանում է կարճ ու իրեն ոչնչով չառնչվող բաներով. «Իմ որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները հանդիսանում են չափահաս քաղաքացիներ և ինքնուրույն են վարում ինչպես իրենց անձնական կյանքը, այնպես էլ ձեռնարկատիրական գործունեությունը»:

Խաչատրյանը երբեք չի նեղվել հարստության մասին հարցումներից ու հարցադրումներից: Ավելին՝ հպարտ պատասխանել է. «Հարուստ պաշտոնյաները մեծ աջակցություն են ցուցաբերում առաջնագծին»: Թե ի՞նչ աջակցության մասին է խոսքը, Գագիկ Խաչատրյանը չի հստակեցնում, ինչպես որ մինչև որոշակի փուլ նման բանը չէր հստակեցնում և ոմն մեկը, մինչ որ նրան պատկան տարածքներից հայտնաբերված գողոնը ողջ ազգի համար եղավ սթրեսային: 

Մամուլը ևս մեկ անգամ ողողվեց Խաչատրյանի մասին հոդվածներով, երբ 2015թ․ մարտի 1-ին կառավարությունը հայտարարեց, որ ստեղծում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ու այդ խորհրդի «պատվավոր» անդամներից էր․․․ մեր փառապանծ Գագիկ Խաչատրյանը։

Արդեն երկու տարի է՝ Գագիկ Խաչատրյանը հեռացել է քաղաքականությունից, սրտի ուզած գործով է զբաղվում՝ բարեգործություն է անում (իր ասելով), անգլերեն է սովորում (իր ասելով), և գնահատում է իր ներդրած ջանքերը ստվերի դեմ պայքարի գործում (դարձյալ իր ասելով): Ափսոս, որ անշնորհակալ հայությունը չի գնահատում այս մարդու «տիտանական» ջանքերը: Բայց չգիտես ինչու ես միամտորեն հավատում եմ, որ այդ գնահատելու ժամանկը մոտեցել է ու խիստ է մոտեցել, եթե իհարկե հեղափոխության հռչակած վերին գաղափարները պարզապես լոզունգ չէին:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ