Տրամպը, երկրի ներսում բոլոր իր թշնամիների հարցերը լուծելով, փորձում է անցնել նախընտրական իր հաջորդ խոստման կենսագործմանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելուն: Եւ այդ հանդիպման շեմին «Ճանաչելո՞ւ եք Ղրիմի միացումը Ռուսաստանին» հարցին պատասխանելիս Տրամպը տառացի կրկնում է այն, ինչ ասում էր իր ընտրարշավի ժամանակ՝ «Կտեսնե՛նք»: Ու այս մի բառից Եվրաբյուրոկրատիան նորից իրար է անցել, տեղը չի գտնում, էնպե՜ս չի գտնում, որ վախ կա, թե տեղն այդ արդեն կորցրել է: Այդ մի բառը դեռ քիչ է, իր նախընտրական ծրագրից Տրամպը մի երկու թիվ էլ հիշեց, նորից դրանց դեմ դրեց: Խնդրե՛մ։ Դոնալդ Տրամպ․
-ՆԱՏՕ-ի անդամներից որ մեկդ ուզում է մեր «մերձավորը» լինել, ՆԱՏՕ-ի բյուջե է մուծում իր երկրի համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը, իսկ որ մեկդ ուզում է ընդհուպ մինչև «մեր ծո՜ցը քնել»՝ 3 տոկոսը:

Վերջին թիվը, բնականաբար, վերաբերում է Մեծ Բրիտանիային: Հուշեմ, որ այդ 2 տոկոսը, զորօրինակ Գերմանիայի համար, տարեկան ոչ ավել, ոչ պակաս 80 միլիարդ դոլար է անում, իսկ «ծոցը քնելու» երջանիկ թեկնածու Մեծ Բրիտանիայի՜ գլխի գալիք էն 3 տոկոսը՝ մոտ 78 միլիարդ (վերջինիս ՀՆԱ-ն Գերմանիայի ՀՆԱ-ից ահագին քիչ է):

Հը՞, լա՞վ թվեր է Տրամպը «կրակում»: Ընդսմին՝ կրակահերթով. բոլորին շարել ու «կրակում» է (ողջ Եվրամիության ՀՆԱ-ն (նոմինալով) այսօր կազմում է 18,4 տրիլիոն դոլար: Եվրամիության համարյա բոլոր անդամներն այսօր ՆԱՏՕ-ի անդամ են)՝ չգումարելով նրանց, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են, բայց ոչ Եվրամիության՝ դրանց մուծելիքը ՆԱՏՕ-ի բյուջե (միջինը ՀՆԱ-ի 2 տոկոսով հաշված) կազմում է 368 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ջա՜ն Դոնալդ Տրամպ, ձայնդ անսպա՜ռ: Միայն մի՛ թույլ օղակ կա էդ «տեսլականումդ»՝ հենց ի՛նքը՝ Եվրամիությո՛ւնը: Ինքը քո ուզած «հարկը» երբե՛ք չի մուծի: Որովհետև եթե մուծեց, առանց այդ էլ գնալով «վիրտուալ» դարձող իր տնտեսությունը վերջին կապերը կխզի ռեալ իրականության հետ, ու լրի՜վ «աստրալ» կտեղափոխվի:

Բայց ինչո՞ ւ էսքան խորացանք Տրամպ-Եվրամիություն կապի վրա: Շատ ավելի կարևոր բան կա ու էդ շատ կարևորը Տրամպ-Պուտին երկար սպասված հանդիպումն է: Իր լուծումն ուզող հազար անլուծելի հարց կա: Ու ստեղ ինձ այցելեց Խրիմյան հայրիկի ոգին ու պահանջելով խնդրեց՝ ձեզ փոխանցեմ իրեն վաղուց մտահոգող հարցը: Ահա՛ այդ հարցը.

-Տեսնես՝ մի օր կըլնի՞ էդ հազարից մեկը մե՛զ առնչվող լինի, դրվի, քննարկվի ու տեղում լուծվի: Ասենք, «Ճանաչելո՞ւ եք Արցախը» հարցը տան նույն Տրամպին ու տեղում լսեն գոնե ա՛յն պատասխանը, որն ինքը հնչեցրեց՝ պատասխանելով «Ճանաչելո՞ւ եք Ղրիմը» հարցին. «Կտեսնե՛նք»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ