Անգելայի սույն «ջիգյարը»՝ ներքին գործերի նախարար ու Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Հորսթ Զեեհոֆերը, հազիվ թքած-կպցրած կոալիցիայից քիչ էր մնում դուրս գար, կոալիցիան քանդեր ու Անգելային սարքեր Անգլիայի թագուհի: Բնականաբար, Անգելան դեմ էր, քանզի Անգլիայի թագուհու ձեռքին իշխանություն չկա:

Արդյունքում՝ «ջիգյարը» լսեց Անգելայի սույն «տարփալից» հորդորն ու էս անգամ էլ փրկեց Անգելային ու կոալիցիան: Փրկեց, մինչև հաջորդ կառավարական ճգնաժամ: Անգելայի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության և Զեեհոֆերի Քրիստոնեա-սոցիալական միության միջև հակասության աղբյուրն էլի նույնն է՝ միգրանտների հանդեպ իրենց ծայրահեղ տարբեր վերաբերմունքը: Բանն այն է, որ Անգելան ու Բրյուսելի բյուրոկրատիան միգրանտների հարցում դեռևս կողի չեն գալիս, իսկ «տեղերում» բնիկները դրանց էդ կողերն արդեն ջարդել են ուզում: Մոլեռանդության աստիճանի «թոլեռանթ» այդ բյուրոկրատիան, Անգելայի գլխավորությամբ, թեպետ շարունակում է միգրանտների անունով երդվել, բայց, թաքուն, ինքն ավելի շատ է միգրանտների հոսքից վախենում, որովհետև ցասման շեմին հասած հիշյալ բնիկները արդեն ուզում են, կողերը ջարդելուց հետո, իրեն՝ էդ բյուրոկրա՛տիային, «միգրացիայի» ենթարկել: Ուստի վախից, թաքուն, էդ նույն բյուրոկրատիան դրանց դեմն առնելու հազար ջանք է թափում: Փաստորեն, հա՛մ փայլուն ատամնաշարը մինչև իմաստնության ատամ լայն ցուցադրելով՝ հրավիրում են միգրանտներին, հա՛մ թաքուն դրանց դեմն առնելու ճար են որոնում: Հոգեկան սույն երկվությամբ արդեն Եվրոպայի լավագույն հոգեբույժներն են սկսել հետաքրքրվել:

Միգրանտների հոսքը հիմա քչացել է: Ու գիտե՞ք ինչու: Անգելան Էրդողանին ամեն ամիս «ղալիմ» է ուղարկում, որ Էրդողանն իրեն միգրանտ չուղարկի. Անգելան «հարկը» մի՜ ժամ ուշացրեց՝ Ռեջեբը, որ նաև Թաիփն է, իր ձեռքին եղած «ծորակը» կբացի, ի տարբերություն ցամաքած «Վեոլիա-ջրի», միգրանտների հեղեղով Եվրոպան կողողի: Ու ամենամեծ տականքությունն էլ գիտե՞ք որն է. Էրդողանն էդ հարկը հա՛ առնում, հա՛ ասում է՝ հարկն ու՛ր է, ախչի՛:

Ինչ վերաբերում է արդեն Գերմանիայի սահմանին «չոքած» միգրանտներին, ապա Անգելան ու իրա էս «ջիգյարը» (Էրդողանը չէ, Զեեհո՛ֆերը) էս գիշեր չորս ժամ թունդ բանակցելուց հետո փոխզիջման են եկել: Ըստ այդ փոխզիջման՝ այն միգրանտներին, որոնք արդեն եկել, սահմանին են էդպես «չոքել», դրանց թողնում են, որ Գերմանիա մտնեն, բայց դրանց համար ստեղծում են հատուկ տրանզիտային կենտրոն, որը լքելու իրավունք չունեն, մինչև պարզվի իրենց անցյալն ու իրենց «վտանգավորության աստիճանը»: Ում թույլ տվեցին, թողնում են երկիր, ում որ, Սերժի պես, դրին ու մերժին, էդ կենտրոնից դեպորտացիա են անում: Մի վախ կա սակայն: Էդ տրանզիտային կենտրոնները մարդիկ չսկսե՞ն, միամի՜տ, համակենտրոնացման ճամբար անվանել…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ