Ինչպես արդեն նշել էինք, այսօր մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել և բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ-ի դիմաց: Նրանց գլխավոր պահանջը ԲՈՒՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականն է: Ժամեր անց ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպում կազմակերպեց ակցիայի մասնակից ուսանողների հետ և փորձեց խորհրդակցություն անցկացնել: Սակայն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ամբիոնից խոսելով, կրկին պնդեց նախաձեռնության անդամների պահանջը, այն է՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում, ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում: Սակայն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բողոքի ակցիա կազմակերպած ուսանողների պահանջը ևս մեկ անգամ լսելուց հետո այն համարեց «բացահայտ ճնշում» և մեկնաբանեց, որ ուսանողները պատրաստ չեն կոնստրուկտիվ քննարկման կամ բանավեճի համար: Այնուհետև վերջինս փորձեց դուրս գալ դահլիճից, սակայն ակցիայի մասնակից ուսանողները փակեցին մուտքը և հայտարարեցին, որ չեն հեռանա համալսարանից, մինչև չհասնեն ռեկտորի հրաժարականին: Արամ Սիմոնյանի պատասխանը ևս չուշացավ.«Դուք կարող եք մնալ, բայց ես հեռանում եմ դահլիճից»: Ուսանողները «ազատ, անկախ ուսանող», «Արամ հեռացիր», «Արամ հեռացիր, ԵՊՀ-ն մոռացիր» վանկարկումներով շարունակում էին փակել ռեկտորի ճանապարհը:

Իրավիճակը շարունակում էր մնալ լարված, քանի որ Սիմոնյանը հրմշտում էր իր ճանապարհը փակած ուսանողներին, արդարանալով, թե բռնությանը բռնությամբ պետք է պատասխանել: Ռեկտորն ուսանողների հետ երկար ժամանակ փորձեց բանակցել մինչև որ վատացավ վերջինիս ինքնազգացողությունը: Ի վերջո, ուսանողները՝ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, թույլ տվեցի ռեկտորին դուրս գալ դահլիճից: Ակցիայի մասնակից Պետրոսյանն իրենց այդ քայլը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Մարդկային արժեքներից ելնելով, մենք թույլ տվեցինք ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին դուրս գալ դահլիճից: Բայց մեր պահանջն այսքանով չի սահմանափակվում, մենք ամենակարևորը ցույց տվեցին մեր կարողությունները և դեռ մնալու ենք համալսարանում՝ ռեկտորի հետ տվյալ հարցերը քննարկելու համար»: Իսկ այն հարցին՝ եթե Արամ Սիմոնյանը չտա հրաժարական, բողոքի ակցիան կավարտվի՞, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց, որ նման բան երբեք չի լինի, և որ նրանք մինչև վերջ կտանեն իրենց պահանջը:

Արմինե Միքայելյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ news.am-ի