Լուրեր են շրջանառվում, որ ոստիկանության ներքին զորքերը իրականացնելու են նաև հայրենի երկրի սահմանները պահպանելու գործառույթ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս առաջարկը նորություն չէ, եթե պայմանավորվում ենք, որ բացում ենք «Ներքին զորքերի մասին» օրենքն ու կարդում համապատասխան վկայումը, որտեղ սևով սպիտակ վրա ֆիքսված է վերն ասվածը: Ուրիշ բան, որ ղարաբաղյան պատերազմի այն թեժ օրերից հետո երկրի օրվա կառավարությունը ներքին զորքերը բացառապես սկսեց ծառայեցնել ընդդիմադիր հավաքները ճնշելու համար` ասել է թե սեփական իշխանության պահպանման:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն արդեն իսկ հանդիպում է ունեցել ոստիկանության ստորաբաժանումների հետ, տեղեկացրել ձեռնարկելիք քայլի մասին, հավելել, որ հարցը քննարկվել ու համաձայնեցվել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ:

Օրենքով սահմանված իրենց այս գործառույթն իրականացնելու համար գործուղման մեջ գտնվող ոստիկանական ստորաբաժանումները կստանան հավելավճար: Ամենայն հավանականությամբ արդեն այս օգոստոսից կկոնկրետանա ներքին գործերի ստորաժանումներին սահման գործուղելը: