Կոմիտասի ծննդավայր Քյոթահիայից սկիզբ առած հախճապակեգործության նմուշները ժամանակին տեղացիների կենցաղի անբաժանելի մասն էին կազմում. եկեղեցու կահավորանքից մինչև խոհանոց հայկական գորգերին բնորոշ զարդանախշերով պատված հախճապակին քյոթահիահայը աչքի լույսի պես պահում ու պահպանում էր։ Ավելի քան հինգ դար առաջ սկզբնավորված այդ յուրահատուկ արվեստի հետքերը կամաց-կամաց անհետանում են։ Դրան նպաստում են մի կողմից Թուրքիայի՝ ուրիշինը յուրացնելու քաղաքականությունը, մյուս կողմից՝ արհեստի նկատմամբ հետաքրքրության պակասը։

Առաջին աշխարհամարտից հետո ծննդավայրից կտրված ու աշխարհի տարբեր կողմերով սփռված սպիտակի ու կապույտի գունախաղն ամփոփող Քյոթահիայի հախճապակին, բարեբախտաբար, Հայաստան էլ է հասել, բայց այն գտնելու համար մոմ պետք կլինի։ Երբեմնի հայկական բնակավայրի այցեքարտ դարձած հախճապակու մի օրինակ Կոմիտասի թանգարանում է պահվում և հենց մեծն Վարդապետին էլ պատկանել է։ Ուշագրավ է, որ նրա վրա պատկերված նուրբ զարդանախշերի մասին խոսելիս թանգարանի աշխատակիցներն օգտագործում են «Կոմիտասի զարդանախշեր» բնորոշումը։

Քյոթահիայից Հայաստան հասել են ոչ միայն տեղում ստացված հախճապակու սակավաթիվ օրինակներ, այլև՝ ստացման որոշ ավանդույթներ։ Հիմնական հումքը՝ կավը, տեղում ձեռք բերում, արհեստանոցներում հնուց եկած փառավոր հախճապակին ստանալու փորձեր մեր որոշ հայրենակիցներ անում են, բայց արհեստը պահպանելու ու վերաարժևորելու համար հատուկենտ դեպքերը բավարար չեն, ավելին՝ անզոր են։ Եվ որպեսզի մի գեղեցիկ օր ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեթև ձեքով հախճապակերգործության հայրենիքն էլ Թուրքիան չամրագրվի, եղածը պահել, զարգացնել ու ներկայացնել է պետք ըստ արժանվույն։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ