Անհասցե միրգ-բանջարեղենն ու մոլորված սպառողը

Միրգ-բանջարեղենի հայկական շուկայում հայտնված գնորդն անգամ մեծ ցանկության դեպքում անվտանգ մթերք ընտրելու հարցում օգնության զրո հնարավորություն ունի, եթե նույնիսկ սննդի անվտանգության մասնագետ է։ Անհասցե` ասել է թե առանց մակնշման բուսական ծագմամբ մթերքների պարունակությանը ծանոթանալը եթե գնելուց առաջ անհնար է օբյեկտիվ պատճառով (տեղում լաբորատոր սարքավորումների բացակայությամբ պայմանավորված), ապա գնելուց հետո անելը պայմանավորված է սուբյեկտիվ պատճառով։ Վերջինիս անհնարինության մեջ համոզվելու համար ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն ընդամենը մեկ օրինակ է բերում. «Բուսական ծագմամբ մեկ մթերքում 4 մետաղի պարունակություն ստուգելու համար փորձաքննության վրա կծախսվի 28-32 հազար դրամ»։

Ի տարբերություն բուսականի, կենդանական ծագմամբ մթերք գնելիս գնորդին կողմնորոշվել որոշ չափով օգնում է ռիսկի գնահատման՝ R=(P+G)/K բանաձևի իմացությունը, որտեղ P-ն վտանգի հանդիպման հավանականության աստիճանն է, G-ն՝ այդ վտանգի՝ մարդու առողջության վրա թողած ազդեցության մեծությունը, իսկ K-ն՝ ուղղման գործակիցը։ «Դա նշանակում է, որ, եթե մոտենալով տաղավարին, տեսնում եք, որ 40 աստիճանի պայմաններում միսը սառնարանում չէ, ապա վտանգի հանդիպման հավանականությունն առավելագույն է, քանի որ ստեղծված են միկրոօրգանիզմների զարգացման համար իդեալական պայմաններ։ Անգամ անվտանգ մսամթերքն այդ պայմաններում չորս ժամ պահելու դեպքում դառնում է վտանգավոր։ Երկրորդ հանգամանքը, որ կարող է վկայել վտանգի մասին, անձնակազմի հակահիգիենիկ տեսքն է՝ կեղտոտ ձեռքեր, եղունգներ և այլն», -բացատրում է Պիպոյանը։

Հայաստանում կան բազմաթիվ բիոքիմիական պրովինցիաներ, բայց չկա գոտիավորում ու քարտեզագրում. այլ կերպ ասած՝ թե որտեղ ինչ է աճում և ինչ ճանապարհով է մթերքը հայտնվում շուկայում, անհայտ է մնում սպառողի համար։ Դավիթ Պիպոյանը դա անթույլատրելի է համարում. «Երբ մթերքում որևէ տարրի պարունակությունը բարձր է լինում, տվյալ տարածաշրջանում ապրողների օրգանիզմը որոշակի ադապտացիոն մեխանիզմներ է մշակում, իսկ ահա մայրաքաղաքի բնակիչների մոտ այդ մեխանիզմը բացակայում է, ուստի շատ կարևոր է մակնշումը, որպեսզի մարդ պատկերացնի՝ ինչ պարունակությամբ մթերք է գնում»։

Խոշոր աշխարհագրական մակնշումը, մեր զրուցակցի խոսքով, եվրոպական ագրոպարենային իրավունքի հիմնական տիպերից մեկն է։ Դա նշանակում է, որ, օրինակ, կենդանական ծագմամբ մթերքի դեպքում պարտադիր նշվում է, թե որտեղ է ծնվել կենդանին, որտեղ ապրել և որտեղ սպանդի ենթարկվել։ «Սա նաև հայ սպառողի համար է կարևոր, -ասում է Դավիթ Պիպոյանն ու դարձյալ միջազգային փորձը վկայակոչում։ -Ամբողջ աշխարհում սննդամթերքի անվտանգության զարգացման հայեցակարգերը տարբեր մեխանիզմների վրա են հիմնվում։ Այստեղ շատ կարևոր դեր է խաղում արտադրողի մեծությունը։ Անուն ձեռք բերած արտադրողների համար, ովքեր աշխատում են խոշոր ցանցերի հետ, առանցքային է «ամոթի ու սկանդալներից խուսափելու քաղաքականությունը», քանի որ գիտակցում են, որ իրենց որևէ ապրանքի հետ խնդիր առաջանալու դեպքում մեծ շուկա կկորցնեն ու վստահությունը վերականգնելու համար հսկայական միջոցներ ու ջանքեր կգործադրեն»։

Իտալացիների հոտառությունն ու հայերի անհեռատեսությունը

Ագրոպարենային ոլորտում հսկայական պոտենցիալ ունեցող Հայաստանում գրանցված աշխարհագրական մակնշումով ապրանքների բացակայությունը Դավիթ Պիպոյանի իտալացի գործընկերներին շատ է զարմացնում։ Թե ինչպես կարելի է ունենալ որակական ու համային բարձր հատկանիշներ ունեցող Արենիի գինի, Արարատի ծիրան, Գավառի կարտոֆիլ, Կալինինոյի «Լոռի» ու միջազգային շուկայում մինչև հիմա ձևավորված բրենդով չներկայանալ, արտասահմանցի հյուրերի համար անհասկանալի է։ Ու մինչ մենք կմտածենք, որ կարելի է Արարատյան դաշտի ծիրանը միջազգային շուկա հանել համապատասխան մակնշումով, իտալացիներն արդեն իրենց «Արարատի այգի» բրենդը ստեղծել, Արարատի սիմվոլն էլ օգտագործում են։ Ճիշտ է, այդ բրենդի ներքո Արարատյան դաշտից քաղված ծիրանը չի ներկայանում, այլ էկոտուրիզմի ցանցը, բայց թե։ Պետական քաղաքականության մեջ, ցավոք, այս առումով որևէ տեղաշարժ դեռ չկա, բայց «Սևանի իշխան» մասնավոր ընկերությունը, որը համանուն բրենդի գրանցման համար հայտ արդեն ներկայացրել է, լավատեսորեն տրամադրված սննդագետին հույս է ներշնչում. «Լիահույս եմ, որ մի օր կունենանք գյուղատնտեսության նախարարություն, որը կհասկանա արժեքավորված գյուղատնտեսության կարևորությունը։ Դրան նպաստել և նպաստում ենք թե´ հուշումներով, թե´ ԱԺ-ում «կռիվ տալով»։ Ցավով պիտի ասեմ, որ երբ կառուցողական քննարդատություն ես անում, սկսվում է պայքար անձի դեմ, հետո վրեժ են լուծում կենտրոնից՝ փակելով ֆինանսավորման աղբյուրները։ Պետական ֆինանսավորումը, ճիշտ է, շատ քիչ է, դրանով ծրագրեր չես կարող անել, բայց այստեղ կարևորը մոտեցումն է, երբ զարգացման ճիշտ ուղին ցույց տալու համար շնորհակալության ասելու փոխարեն վրեժ են լուծում։ Մյուս դեպքում էլ, որպեսզի չքննադատես, պաշտոն են առաջարկում։ Ու երբ ասում ես՝ հարգելի´ս, ես պաշտոնի կարիք չունեմ, խնդիրներն եմ փորձում լուծել, զարմանում են»։

Դավիթ Պիպոյանն ԱԺ ամբիոնից ոչ միայն արժեքավորված գյուղատնտեսության հարցն է բարձրացրել բազմիցս, այլև տրանսգենային գյուղատնտեսության անթույլատրելիության։ «ՀՀ-ն ոչ մի մի թիզ հող չունի տրանսգենային գյուղատնտեսության համար» նրա հնչեցրած միտքը հիմնավորելու անհրաժեշտությունն անգամ չեն տեսել պատկան մարմինները։ «2014թ. ես, որպես Իտալիայի փորձագիտական խմբի անդամ, ներկայացված եմ եղել Բրյուսելում՝ մի երկրում, որտեղ արգելված է տրանսգենային գյուղատնտեսությունը։ Ուստի, առնվազն իմ միջազգային փորձը հաշվի առնելով, պետք է հասկանային, որ եթե բերում եմ այդ երկրի օրինակը, ուրեմն դա հիմնավորված է, և պետք է գոնե կանչեին ու ասեին՝ բացատրիր, թե ինչ ռիսկեր է պարունակում այն», -վրդովված է Դավիթ Պիպոյանը։

Բայց քանի դեռ գյուղատնտեսության արժեքավորման մասին գյուղնախարարությանն ուղղված հուշումներն անտեսվում, ԱԺ-ում արված կոշտ ելույթներն էլ «ընդդիմադիր» են որակվում, էկոկենտրոնի մասնագետները մտադիր են անձամբ, վիրտուալ պատկերացումներով ստեղծել ՀՀ արժեքավորված գյուղատնտեսության քարտեզը, որը ուղեցույց կարող է դառնալ անհասցե մթերքների շուկայում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ