Հիշո՞ւմ եք՝ ուր էր ընկել ժողովուրդը «Արմենթելի» ձեռը: Եթե հիշում եք, ուրեմն պիտի հիշեք նաև, թե քանի տարի տևեց էդ ընկած տեղից ելնելը: Սակայն «Արմենթելի» փորձը, ինչքան էլ որ փորձանք դարձավ, մեզ դարձյալ փորձ չդարձավ: Եթե էն ժամանակ կա՛պը վերցրին-տվին զուտ մի օպերատորի ձեռքն ու մենաշնորհ սարքեցին, ապա հիմա ջո՛ւրը վերցրին-տվին զուտ մի օպերատորի ձեռքն ու մենաշնորհ սարքեցին: Ու նորից սկսվե՜ց… Ուզում են՝ կտրում են, ուզում են՝ տալիս են: Համարը՝ 1-85 է: Զանգահարում ես, «ավտոատվետչիկ-թութակը» միայն մի բառ է ասում՝ «ավա՛րիա»: Ասում ես՝«մի օրվա մեջ էրկու անգամ ի՞նչ «ավարիա», սրան ի պատասխան արդեն հնչում է՝ «ավա՛րիա-ավա՛րիա»: Մի «ավտոատվետչիկ-թութակ» էլ սույն մոնոպոլիստ «Վեոլիա ջուր» կոչվածի մամլո խոսնակն է. սա արդեն անգամ բառ է՜լ չի ասում, երկու թիվ է ասում, էն էլ գիտե՞ք ինչ թիվ. էն համարն է տալիս՝ 1-85:

Առաջարկում ենք էդ համարը փոխել 01-99: Հիշո՞ւմ եք.

-Պետրոս ջա՛ն, ի՛նչ նորություններ կա՞ն…

-Ա՜-վա՜ր-իա՜…

Բայց եթե ֆիլմում Ֆռունզի պերսոնաժ Գարսևանը հարբեցողության արդյունքո՛ւմ ու անգիտակցաբա՛ր էր խճուղում ընկել, անմեղ մարդկանց շառի մեջ գցել, իբր «ավարիայի զոհ» է, ապա ֆրանսիական ծագումով է՛ս «գարսևանի» «ավարիան» լա՜վ էլ գիտակցված «ավարիա» է. ամառն էկավ, հո չե՞ն թողնելու թանկանոց լողավազաններն ու շոգից խաշվող ժողովրդին ջուր տան: Հազար հատ ըտենց ժողովուրդ ըլնի, հազար անգամ էլ տապին տապակվի, իրենք շա՜տ տևական «ավարիայի» մեջ են. պտի հասցնեն թանկանոց «կլենտներին» թանկագին ջրով մատակարարեն, թե չէ ինչքա՞ն կարելի է մնալ էդ քծիպ ժողովրդի տված կոպեկների հույսին: Ծարավից մեռնում, ջուր եք ուզո՞ւմ. թանկացնեմ՝ կտամ: Իսկ քանի էժան է, էնքա՜ն թանկ «կլենտ» կա, ջուրն իրենց կտամ: Քանի ջուրն էժան է, ջրի փոխարեն օրն էրկու անգամ «ավարիա» է լինելու…

Բայց էս հլը հե՜չ, ժողովուրդ ջան, քանզի 2017 թվականի հունվարի 1-ից 15 տարով հայոց և՛ ջրի, և՛ ջրահեռացման մոնոպոլիստ դարձած սույն «Վեոլիա ջուրը», վախենամ, վաղն էլ նորից ասի՝ ավարիա է ու հիմա էլ ջրից սահո՜ւն անցնի «ջրահեռացման բնագավառին» ու կոյուղին… փակի, ձեզ գարաժների հետևները գցի, մինչև կոյուղին էլ փողով դարձնի. «ջրահեռացման» խորանարդ մետրը, ասենք, 100 դրամ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ