Բոլորը «բադի որսի» են ելել: Ոնց որ… Փանոսը: Դե ինչ, Փանոսի պես դրա՛նք էլ բադով են ուզում կորցրած եզները «կոմպեսացնել»:

Դեկտեմբերի 9-ին «բադն» էլ, «բադով փլավն» էլ իրենց են սպասում: Իրենք էլ, Փանոսի նման «կացիններն» առած, ոմանք անգամ՝ սրած, անհամբերությամբ էդ օրվան են սպասում:

Անգամ նրա՛նք, ովքեր, իմանալով, որ բնավ շանս չունեն, պատրաստություն են տեսնում արշավի ու ընտրարշավի, ծրագրեր են գրում ու հրապարակում, ցուցակներ են կազմում ու թունդ քննարկում:

Կուսակցություն կա՝ զրո ամբողջ xy ցուցանշից ավել ուրիշ հույս չունի, բայց ոչ թե 101, այլ 111 մարդ է խցկել իր ցուցակները: Անխիղճնե՜ր, հո խորհրդային «մարշրուտկա՞» չեն էդ ձեր ցուցակները:

Ովքեր իրենց համար շատ երանելի՛ մի ժամանակ ամեն բան ունեին, ավելի ճիշտ՝ ամեն բան զավթել էին, բայց էլի ուզում էին չգիտես թե ինչ, գուցե Աստծուց կրակ, դրանք այսօր այդ կասկածն արդարացնում են. հաստատ որ Աստծուց կրակ են ուզում, ու վայ թե ստանան: Կրակից հետո իրենց երեսի մուրը կմնա, ու էդպես մրոտ նո՛ր գուցե արդեն սոսկ մի բան ուզեն. լվացվե՛լ ուզեն, ապա սրբվել ու… ապաշխարել: Չէ՛, էս մեկը ոնց որ շա՜տ ասի:

Մտատանջությանս առարկան են նաև նրանք, որ իշխանություն չէին, բայց ոչ էլ երբևէ իշխանություն կդառնան: Միայն մի՛տքս չէ, սրանց առթիվ նաև խի՛ղճս է ինձ տանջում, քանզի իրենք էլ տեղյակ չեն, թե, ասենք, ստացան, ի՞նչ են անելու էդ իշխանությունը: Դնելու են բարձի տակ, քնե՞ն: Թե՞ ուրախ-զվարթ վազելու են տուն «գերազանց» ստացած աշակերտի պես, որ տնեցիքին ցույց տան ստացածը, հետներն իրենց բերկրանքը կիսեն: Իրենք տեղյակ չեն՝ ինչ են անելու: Բայց իրենք լուրջ-լուրջ ու հույժ լավատես գնում են ոչ միայն ընտրվելու, այլև անգամ հաղթելու:

«Դատարկ ջեբով ո՜ւր ես գնում, Փանո՜ս ջան»: Հա՛, թե Փանոսի «ջեբն» էր դատարկ, սրանց անելիքի ցուցակն է դատարկ, սակայն գնում են: Փանոսի նման կացինը ոգևորված շպրտում, բադ են ուզում խփել: Վաղը, որ էդ կացինը, «ի զարմանս իրենց», «ջրատակ էղավ», շորերը հանելու, ջուրն են մտնելու, որ կացինը գտնեն, կացին գտնելու տեղ, գալու են, տեսնեն շորերն են տարել ու իրենց էդպես լրիվ տկլոր թողել…

Դե ինչ գնացե՛ք, բայց զգո՛ւյշ եղեք, ձեր ցուցակների մեջ ապահովության համար մի 200 հոգի «ռեզե՛րվ» տեղավորեք: Մա՜րդ ես, մեկ էլ տեսար նե՜նց հաղթանակ տարաք, որ էդ ցուցակներում էղածը քչություն արեց…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ