Կարծեմ թե առանձնապես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ facebook-ահայությունը սեփական գրված և չգրված օրենքներով ապրող, արարող, շնչող, ինքնահաստատվող, քլնգողների ու քլնգվողների հասարակություն է՝ ինքն իր մեջ առանձին խմբավորումների մեջ միավորվող: Եվ այսպես՝

 1․ «Ֆեյք» հայեր
Սա քլնգողների առանձնահատուկ «կաստա» է, որ իր գործիքակազմում ունի գռեհիկ ժարգոնի հզոր «արսենալ»՝ հայհոյախառն բառապաշար, լատինատառ և ուղղագրական տարրական սխալներով հայերեն։ Բնականաբար չեմ ուզում մտածել, որ facebook-ն «Օդնոկլասնիկի» վերածած ամբոխն է «լծվել» հայրենաշինության այս սուրբ գործին ու հենց նա է, որ ժողովրդին ուղղորդելու է դեպի պայծառ ապագա։ Ավելին՝ համոզված եմ, որ նոր Հայաստանում քաղաքացին չի կարող թաքնվել «ֆեյքերի» տակ և համացանցում ինքնահաստատվել «բոլորից բարձր գոռալով»։

 2․ «Դուխով» կամ ՀՀ հպարտ քաղաքացիներ
Սրանք յուրօրինակ facebook-ցիներ են, իրենց գերազանց մասով հեղափոխությանն ակտիվ մասնակցություն ունեցած, 17-18 տարեկան, պարմանիությունից երիտասարդացում փուլում գտնվող պատանիներ։ Համաձայն իրենց դասային պատկանելությանը, սրանք իրենց պարտքն են համարում «ռեակցիա տալ» երկրում ընթացող բոլոր գործընթացներին և իրենց «ծանրակշիռ» կարծիքը թողնել ցանկացած նյութի տակ։

 3․ Facebook -ահայ փափկասուն տնային տնտեսուհիներ
Առօրյա հոգսերից զզված, անձնական կյանքում սեփական ամուսիններից ինչ-որ չափով անտեսված ու նաև այս պատճառով աշխարհի անցուդարձի մեջ անսանձ կրքով ներխուժած այս տիկնանց միակ ժամանցը facebook-ն է, հայ «աստղիկների» մասին գրված բամբասանքները։ Ընդ որում պիտի հավուր պատշաճը մատուցել բացառիկ տաղանդավոր այս կանանց, որ ճաշ եփելու, աման լվանալու արանքում հասցնում են և՛ «լայքել», և՛ «քոմենթել», և՛ «կիսվել»։

 4․ «Բաց նամակ» գրողներ
Facebook-ի համեմատաբար երիտասարդ սերնդին են պատկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին «բաց նամակ» գրողները։ Յուրաքանչյուր բարձրագույն կրթություն ստացած, միջին տարիքից բարձր քաղաքացի, ով ունի համացանցից օգտվելու հնարավորություն, իր պարտքն է համարում ուղղորդել, խորհուրդ տալ, հուշել Փաշինյանին, թե շան գլուխը որտեղ է թաղված` «հետո չասեք, թե չենք զգուշացրել» միանգամայն անկեղծ մղումներից ելնելով:

 Այս ցանկը հարկավ կարելի է շարունակել, սակայն ընթերցողին չհոգնեցնելու համար թերևս այսքանը։ Իսկ օրվա հումորի պակասը լրացնելու համար աշխատանքային օրվա վերջում, քնելուց առաջ, կարդացեք «քլնգողների ստեղծագործությունները» ու ոչ միայն բարձր տրամադրությունն ապահովված կլինի, այլև կարող եք ստատուսել՝ «օրն անցավ լավ ու միանգամայն բովանդակալից»։

 Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ