Մեծերն էրեխեքի ձեռքից դպրոցական արձակուրդն առած՝ շարունակում են «խաղալ»: Խաղի լավագույն ռմբարկուների ցուցակում առայժմ մյուսներին անհասանելի են մնում երկուսը՝ բռնող-բաց թողնող ոստիկանապետն ու սանկցիա տվող, թե չտվող գլխավոր դատախազը: Եթե ինքը սանկցիա է տալիս, ապա ինչի՞ հիման վրա է տալիս, իսկ թե առանց իր սանկցիայի է էդ «բռնոցին», խաղը կամաց-կամաց «էշ-միլիցա» է հիշեցնում:

Շատ հեռու չգնանք՝ բռնած-բաց թողած Սաշիկին աշխարհը գիտի, ու էդ ողջ աշխարհը իրեն էնքան էլ լավ բաներ չի կամենում: Բայց հետո՞ ինչ: Դա նշանակում է, որ զուտ կասկածը փա՞ստ է, զուտ կասկածի վրա ում ուզես կարող ես տանել ու փակե՞լ: Չեք մտածում որ սա արդեն մի անգամ անցած էտապ է շատ տխուր հետևանքներով, որը մինչև հիմա մարսվում-մարսվում, մինչև վերջ չի մարսվում:

Նորից դառնանք Սաշիկին: Բանի նմա՞ն էր՝ օրը ցերեկով մարդուն դրիք, ավտոյի կապոտին լղոզեցիք՝ ընդամենը մեկ հիմք ունենալով՝ կա՛ս-կա՜ծ:

«Թավշյա» հեղափոխություն արեցիք, որ «թավշյա», քաղաքակիրթ աշխարհ գնա՞նք, թե՞նախորդ չոբանների «յայլեքը», որտեղ սեփական երկիրն օտար արոտ սարքած՝ իրենց «էլիտար» հոտն էին 20 տարի դրած-արածեցնում: Էն, ինչ իրենք էին ձեր գլխին անում, հիմա էլ դո՞ւք եք իրենց գլխին անում: «Աբարոտկա» եք դրել-խլո՞ւմ: 

Դո՞ւք էլ, հավեսի ընկա՞ք, անցաք «պանյատկեքի»:

Բա մարդկանց ասում ենք՝ քաղաքակի'րթ երկիր ենք հիմնում:

Թարկեք էդ «էշ-միլիցան»: Հիշեք, որ համաձայն էդ խաղի կանոնների՝ «էշն» ու «միլիցան» շուտ-շուտ իրենց տեղերն են փոխում:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ