Վերհիշենք վերջին տարիների ամենահաջողված երաժշտական ալբոմներից մեկը՝ Ադելի “25”-ը: Բրիտանացի փոփ աստղի թվով երրորդ ալբոմի համար աշխատել են այնպիսի երաժշտական պրոդյուսերներ, ինչպիսիք են Danger Mouse-ը, Սեմյուել Դիքսոնը, Մաքս Մարտինը ,Լինդա Փերրին և այլք: Ադելը կրկին վերադարձավ երբեմնի փառքին ու վստահորեն փաստեց, որ «վայր չի դնի թագն» ու դեռ երկար կմնա երաժշտական Օլիմպոսի բարձրակետում: Ասվածի վառ ապացույցը Brit Awards-ում «տարվա լավագույն բրիտանական ալբոմ», «Գրեմմի» մրցանակաբաշխության «տարվա լավագույն ալբոմ», «լավագույն վոկալային փոփ ալբոմ» անվանակարգերում հաղթելն է, ինչպես նաև փաստն այն, որ ձայնասկավառակն ամբողջ աշխարհում վաճառվեց 20 միլիոն օրինակով:

Պատմական էքսկուրս կատարենք և վերլուծենք հնչեղություն ստացած այս աշխատանքը: 25»-ն իրենից ներկայացնում է երաժշտական էքսպերիմենտների, բազմաժանրության, «խելահեղ» ռոմանտիզմի, պաթետիկ արտահայտչամիջոցների, տեղ-տեղ՝ սուիցիդալ երանգավորումների, դրամատիկ-գեղագիտական հետաքրքիր լուծումների յուրօրինակ համադրություն: Նախորդ երկու ձայնասկավառակում այս համադրությունն իսպառ բացակայում էր, ուստի երգչուհին կարծես սրանով փորձ է անում դուրս գալ միօրինակության ու միատարրության «ճիրաններից» և նոր թափով շարժվում է առաջ: Պետք է ասել, որ դա, եթե ոչ հեշտությամբ, բայց, այնուամենայնիվ, ստացվում է: Ադելի հիմնական ու գլխավոր «զենքը» եղել և մնում է ամուր վոկալը, ինչի շնորհիվ երգչուհու ողջ ստեղծագործական (դեռևս կարճ) ուղին շարունակում է ուղեկցվել աներևակայելի հաջողություններով: Հանդիսատեսն ամեն անգամ նորովի է բացահայտում երգչուհու ձայնային-կատարողական հնարավորություններն ու կարողությունները, ինչի հետևանքով երաժշտական-տեքստային կառույցը, կարծեք թե, մղվում է երկրորդական պլան: Հարկ է նշել, որ ամբողջական երաժշտական-կառուցվածքային տեսանկյունից սա այնքան էլ ճիշտ չէ, առաջացնում է աններդաշնակություն կատարողի և երգի միջև: Ադելը հնարավոր լուծումը գտել է "Million Years Ago" երգով, որն, անշուշտ, ձայնասկավառակի ամենահաջողված աշխատանքներից է:

Ժանրային առանձնահատկություններով ու բազմազանությամբ "25"-ն ունի մեծ առավելություններ նախորդ ձայնասկավառակների նկատմամբ. յուրաքանչյուր մարդու համար (նույնիսկ ամենաանտեղյակ մելոմանի) պարզ ու ակնհայտ է, որ երգչուհին փորձել է ստեղծել բազմաժանր աշխատանք՝ այդպիսով համադրելով փոփ,սոուլ, բլյուզ, R’n’B տարրեր: Արդյունքում ստանում ենք երաժշտական բազմազանության մի պատկեր, որը հետաքրքիր է, տպավորիչ, արդիական:

Առանձնակի ուշադրության է արժանի ձայնասկավառակի գլխավոր երգը՝ "Hello"-ն, որն արդեն հիթ է դարձել ամբողջ աշխարհում: Այս երգում Ադելն իր ամպլուայի մեջ է, իրեն զգում է ազատ, վստահ, զարմանալի չէ, որ այն արժանացավ միլիոնավոր մարդկանց ուշադրությանն ու սիրուն: Երգչուհին անտարբեր չի մնացել երաժշտական «կենդանի» գործիքների նկատմամբ: Վերոնշյալ "Million years ago" երգում ակուստիկ կիթառի, "All i ask"-ում դաշնամուրի, "Love in the Dark"-ում սիմֆոնիկ գեղեցիկ ու ներդաշնակ հնչողությունը ևս մեկ անգամ փաստում է՝ երգչուհին զերծ է մնում ժամանակակից «աղմկոտ» ինչ-ինչ երաժշտամիջոցներից:

Ի վերջո, ինչի՞ մասին է երգում երգչուհին. գաղափարական առումով ոչ մի նորություն: Նույն անվերջանալի տխուր, տաղտկալի պատմություննները, որոնք կարծես անընդհատ կրկնվում են երգից երգ, արտահայտչամիջոցներում առկա պեսիմիստական ուղղվածությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մենք գործ ունենք հանելուկային մի «երևույթի»՝ Ադելի հետ: Թե ինչու է երգչուհին, գտնվելով երիտասարդության ամենաեռուն շրջանում, երգում ծերության մասին, ներկայացնում իր երիտասարդությունն անցյալ ժամանակով, անհայտ է, սակայն ակնհայտ է մի բան. այս ամենը գտնվում է արտիստի խիստ անձնական անհանգստությունների, մտորումների ու մտածմունքների սահմաններում, ուստի պետք է շնորհակալություն հայտնել նրան այդ ամենը մեզ հետ կիսելու համար. ոչ բոլորն են ունակ մատուցել իրենց անձնականն այնպես, որ հաշվի չառնելով նույնիսկ ամենապարզունակ տողը, անցկացնես քո միջով այն: Սա եզակի ֆենոմեն է ժամանակակից երգարվեստում, ուստի այս ձայնասկավառակի ( առհասարակ՝ Ադելի ողջ ստեղծագործական գործունեության) գեղագիտական արժեքը շատ բարձր է: Հենց այս գործոնների շնորհիվ էլ կարող ենք վստահ լինել, որ այս երգչուհու ստեղծագործությունները նույն սիրով կլսեն նաև տարիներ անց։

Ալեն ԱՎԱԳՅԱՆ