Հայերի մշակութասիրության ապացույցը

Շուշիին նվիրված նախորդ անդրադարձում բերդաքաղաքի կիսադեմն էր երևում։ Շուշիում պահպանվում ու վերականգնում են ոչ միայն քրիստոնեական արժեքները։ Քաղաքում գտնվող Վերին մզկիթի մասին, հնարավոր է, լսել եք։ Որպես իսլամական մշակութային ժառանգություն՝ 1883թ. պարսիկ ճարտարապետի կողմից կառուցված մզկիթը ևս պահպանվում է պետության կողմից։ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ 2009թ. սկզբներին վերանորոգվել է Վերին մզկիթի տանիքը, մաքրվել շրջակայքը։

Արցախի բնակավայրերից ամենաշատը Շուշիում ենք հանդիպում «Պահպանվում է պետության կողմից» գրությամբ ցուցատախտակ։ Թանգարանների թվով էլ Շուշին առաջին տեղում է, և ուշագրավն այն է, որ դրանց բացման համար պատահական տեղեր չեն ընտրվել. օրինակ, Շուշի քաղաքի պատմության (պատմաերկրագիտական) թանգարանը տեղակայված է փոխգնդապետ Եսայի Ղարամյանցի երկհարկանի առանձնատանը, որը 19-րդ դարի կառույց է, իսկ Կերպարվեստի պետական թանգարանի տեղում (գործում է 2013թ. մայիսի 9-ից) նախկինում իջևանատուն է եղել։

Սրանք հայոց բերդաքաղաքի հին ու նոր կառույցների մի փոքրիկ մասն են միայն։ Շուշիի տեսարժան վայրերի աշխարհագրությունը լայն է ու բազմազան։ Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով բազմաթիվ շենքեր կհանդիպեք քաղաքի փողոցներով քայլելիս։ Հայ ճարտարապետ-շինարարներից հետ չի ընկել նաև բնությունը, այն նույնքան ստեղծագործ է գտնվել՝ Հունոտի կիրճում ստեղծելով անտառների, քարայրների ու ջրվեժների սիմֆոնիա։ Կիրճի հիմնական արահետը տանում է դեպի «Մամռոտ քար» ջրվեժը, որն ավելի հայտնի է «Զոնտիկներ» անվամբ։ Այս վայրը արցախցիներն այսպես են անվանել, քանի որ հսկա մամուռներն անձրևանոց են հիշեցնում, որոնց վրա թափվում է սարերից եկող ջուրը։ Այստեղ գնալու համար ամենահարմար եղանակն ամառն է, չնայած սիրահարներն ու ստեղծագործողները չեն նստի ու սպասի, թե երբ կգա ամառը: Շուշիի մասին առայժմ այսքանը։

                                                                                                                                   Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ