Հնի ու նորի խաչմերուկում

Շուշիում տեսնելու շատ բան կա, բայց ավելի շատ չերևացողն է, որ պետք է կարողանաս «պեղել»։ Ամեն մի անկյունում կան պատմության կտորներ, որոնցից յուրաքանչյուրի մասին կարելի է գրել սերունդների համար, որ չխզվի անցյալի ու ապագայի կապը։

Կան մարդիկ, որ չգիտեն, թե ուր են տանում իրենց արմատները, ոմանք տոհմածառ են կազմում ու սերնդեսերունդ փոխանցում՝ սպասվելիք անորոշությունից ապահովագրելով նրանց, ոմանք էլ հիշվում են առանց ավելորդ ջանքերի:

Շուշիում ծնված տաղանդավոր մարդկանց հիմնականում ճանաչում են ու ոչ միայն հայկական տարածքում, նրանց գիտեն նաև Հայաստանից ու Արցախից դուրս։ Կան շուշեցիներ էլ, որոնց անունները դեռ անհայտ են, բայց հայտնի դառնալու երաշխիք ունեն։ Նրանցից ոմանք, հնարավոր է, արդեն չկան, ոմանք պատրաստվում են հայտնվել հայ նորագույն պատմության էջերում՝ ապացուցելով, որ Շուշիի հողը տաղանդածին հատկություն ունի։ Ինչևէ, թե ում մասին երբ և ինչպես կիմանանք, ցույց կտա ժամանակը։

Շուշիի հողը ուրիշ հատկություններ էլ ունի: Օրինակ՝ վերածնվելու հատկությունը։ Ավերի ու կողոպուտի բազմաթիվ հետքեր կան շենքերի վրա, կոտորածի՝ հին շուշեցիների հիշողություններում։ Բայց բերդաքաղաքի դիմանկարի մի կեսն է տխուր ու մտահոգ, մյուս կեսն ուրախ է, գունեղ։ Տխուր կիսադեմի մեջ, սակայն, մի կարևոր բան կա՝ պատմություն։ Ահա թե ինչու Շուշիում կարելի է հանդիպել տարբեր ոճերով ու տարբեր ժամանակներում կառուցված շինությունների, որոնք կրողն են 18-21-րդ դարերի ճարտարապետության, մտածողության, աշխարհընկալման: Անցած ու ներկա դարերի համադրությունը հակասական զգացողություններ է առաջացնում մարդկանց մոտ. սև ու սպիտակի սիրահարների մոտ՝ տհաճություն, գունավորի սիրահարների մոտ՝ հիացմունք։ Շուշիի՝ սև-սպիտակի սիրահար լավատես հյուրը մխիթարվում է՝ տեսնելով անշունչ հյուրանոցից մի քիչ հեռու կառուցված հնաոճ շինությունը։ Իսկ սկզբունքային պահպանողականը, ինչպես կասեր դասախոսս, ամեն մի նորը որակում է «աղբ»։ Մյուս զանգվածի մասին՝ հետո։

Քրիստոնյաներին միավորող,

այլադավաններին հիացնող Ճերմակազգեստը

Մարդկանց ընկալումներից անկախ՝ Շուշին մնում է հին ու փառահեղ։ Արցախ եկողները ձգտում են անպայման լինել այնտեղ՝ հայ, թե օտարերկրացի: Իսկ շատ ավելի կոնկրետ՝ մշակույթ սիրողները։ Զբոսաշրջիկների համար Շուշին հարուստ բովանդակություն ունեցող քաղաք է, քանի որ այստեղ «հավաքված են» հինն ու արժեքավորը, ձեռակերտն ու անձեռակերտը: Ուսապարկերով ու անհասկասկանալի լեզուներով հաղորդակցվողները շուշեցի երեխաներին վաղուց չեն զարմացնում, բնիկները ժեստերի լեզուն էլ են սովորել (արտասահմանցի հյուրերի հետ հիմնականում այդպես են խոսում)։ Նրանց հետ ամենաշատը, երևի, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոմավաճառն է շփվում։ Քաղաքի կենտրոնում գտնվող ճերմակազգեստ Ղազանչեցոցում աղոթում և մոմ են վառում աշխարհի տարբեր ծայրերից եկող քրիստոնյաները, ոչ քրիստոնյաները, հիանում 19-րդ դարի հայ ճարտարապետների ու շինարարների շնորհքով։

Ղազանչեցոցն իշխող դիրք ունի քաղաքի նկատմամբ ու ոչ միայն. այն նաև Կարկառի հովտի վրա է իշխում։ Արցախի կարևորագույն հոգևոր կենտրոնը շարժման ժամանակ էլ է մեծ դեր ունեցել։ 1992թ. մայիսի 7-ի երեկոյան, երբ Շուշիի ազատագրման օպերացիային ժամեր էր մնացել, զինվորները գնացել էին Սրբազանից օրհնություն ստանալու և եկեղեցու սպասավորներից խաչ խնդրելու, որը պետք է կպցնեին իրենց հագուստին ու գլխարկներին: Շուշին գերությունից ազատելուց ժամեր անց արդեն նրա գմբեթին կարոտով ծածանվել է Հայոց եռագույնը…

24 տարի անց, ապրիլին, կրկին դեպի Ղազանչեցոց մարդկանց հոսքը կտրուկ շատացել էր։ Բոլորը, ինչպես 24 տարի առաջ, աղոթում էին՝ խնդրելով Տիրոջը պահապան լինել հայ զինվորին և խաղաղություն բերել Արցախին:

Ղազանչեցոցը Շուշիի միակ եկեղեցին չէ, հյուսիսային կողմում մի գողտրիկ եկեղեցի էլ կա՝ Սբ Հովհաննես Մկրտիչը, որն ավելի շատ հայտնի է որպես Կանաչ ժամ։ Այս եկեղեցին ևս 19-րդ դարում է կառուցվել (1818թ.)՝ նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու տեղում։ Կանաչ ժամը մի քանի անգամ վերանորոգվել է (կամ վերականգնվել), վերջերս էլ բարեկարգվել է եկեղեցու տարածքը։ Այդ ամենի կողքին, սակայն, մի տխուր հանգամանք կա. Կանաչ ժամ գնացողները շատ քիչ են, հիմնականում՝ թաղի բնակիչները։ Եկեղեցու մի տեսակ անտեսված լինելը զգացի այն ժամանակ, երբ մտա բակ. տեղում աշխատող բանվորներից ու մոմավաճառից բացի ոչ ոք չկար։ Երբ մոմ վաճառող կնոջը, ով պարապությունից հոգնած դեմքով նայում էր մոտեցողիս, հետաքրքրվեցի, թե ինչն է դրա պատճառը, պատասխանեց՝ գլխավոր ճանապարհից դուրս է, քաղաք եկողներից շատերը չգիտեն, որ նման եկեղեցի էլ կա։

                                                                                                                                           Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ