Պայթող ՀՀԿ-ի այս «ոսկե» բեկորն էլ շատ «սկզբունքայնորեն» թռավ ՀՀԿ-ից: Պատճառը չափազանց աննշան բան է՝ ՀՀԿ-ական լինելը, որ կոկորդ մտած ոսկորի պես խանգարում է իր ոսկու հանքի ճամփեն փակած ժողովրդի հետ լեզու գտնելուն: Բայց քանի որ միջնորդավորված խոսքն ուղղակի ասվածի ողջ հմայքը չունի, ուստի  Աշոտ Արսենյան Ոսկեբերանին ցիտենք բառացի. «Չի բացառվում, որ ինձ ու ակտիվստներին (Ամուլսար ոսկեհանք տանող ճամփեն փակողներին) ընդհանուր լեզու գտնելու գործում խանգարում է այն փաստը, որ ես ՀՀԿ անդամ եմ, ուստի ես միանում եմ վարչապետի կոչին»:
Այսպիսով պարտավորված ենք ֆիքսել, որ ՀՀԿ-ի կործանվող նավից ճիշտ ժամանակին «թավշյա» հեղափոխության փրկարար ծովը թռավ ևս մեկ «գաղափարական» այր, ով, հավատարիմ իր հոգևոր հորը, անպակաս էր նրա ճոխ սեղաններից ու տռուզ դրամաքսակի կարգավիճակում իր մեծագույն ծառայությունն ու առավելությունը տեսնում էր նրա հանգիստն օտար ափերում հնարավորինս բովանդակալից կազմակերպելու մեջ:
Հեռանում է ՀՀԿ-ից Ամուլսար լեռան «հպարտ» զավակն ու «ոսկե» տղան, «Ջերմուկ» աղբյուրի բերանին չոքած ամեհի վիշապը, հեռանում է այնպիսի՜ աննախադեպ խանդավառությամբ, որ քիչ է մնում կուսակցական տոմսը Ֆրանսիայի հրապարակում խարույկի ճարակ անի, ՀՀԿ իր այլևս «արգահատելի կրծքանշանը» շներին բաժին հանի: