Դեռ ամիսներ առաջ մամուլում փաստեր հրապարակվեցին, որ Երևանի քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բյուջեից 11 մլն. 850 հազար դրամ է ծախսել կոնյակ գնելու համար։ Դա մեկնաբանվել էր իբրև «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված անհրաժեշտ ծախս, բայց դժվար թե կոնյակների ձեռք բերման հարցում Երևանի խմիչքասեր քաղաքապետը լիներ այդքան թույլ մոտիվացված:

Պետական միջոցների չարաշահման փաստերը, չհիմնավորված ծախսերը մեզ մոտ սակավադեպ չեն և բնավ էլ զարմանալի չէ, որ նման մի հերթական քայլի էլ դիմել է Գյումրու քաղաքապետարանը՝ գնելով ընդհանուր թվով 240 հատ մեծ, միջին և փոքր տորթ: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ դրանց համար ծախսվել է 1 մլն 678 հազար դրամ:

Քաղցրի նկատմամբ Գյումրիի քաղաքապետարանի հակումը կարելի կլիներ զուտ ճաշակով բացատրել, եթե, թարսի պես, «Անուշարան» հրուշակեղենի գործարանը չլիներ հայրաքաղաքի քաղաքապետի ընտանեկան սեփականությունը: Փաստորեն Սամվել Բալասանյանը մի կրակոցով վայր է բերել երկու ղուշ. մի կողմից բավարարել է համաքաղաքացիների քաղցրասիրությունը, մյուս կողմից հաջողությամբ յուրացրել պետական միջոցները՝ գումարը փաստացի աջ գրպանից տեղափոխելով ձախ գրպանը:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ