Տարոն Մարգարյանին չօգնեցին ոչ վարձու ցուցարարները, ոչ հանգուցյալ հոր հեռու-մոտիկ կապերը, ոչ էլ վախտով առաջ «կռիսներ» գտնելու փորձերը։ Դեռ օրեր առաջ Մարգարյանը պնդում էր, որ իրենք ստացել են երևանցիների վստահության քվեն, և ինքը հրաժարական տալու մտադրություն չունի։ Սակայն երեկ լրատվամիջոցները ավետեցին, որ հրաժարականի դիմումը արդեն գրված է, մնում է միայն հրապարակել։ Փաստորեն օրեր շարունակ քաղաքապետարանի շենքը շրջափակման մեջ պահող ցուցարարները կարող են ֆիքսել իրենց հերթական հաղթանակը:

Հետադարձ հայացք նետելով վերջին ամիսների զարգացումներին՝ կարելի է եզրակացնել, որ Տարոն Մարգարյանը շատ ավելի խելացի է, քան կարելի էր կարծել։ Նա լավ էր գիտակցում իրեն նման կարևոր պաշտոն վստահելու «դրդապատճառները», ուստի շտապեց արդարացնել կուսակիցների սպասելիքներն ու որդեգրել հանրապետական այրերի քաղաքական վարքագիծը։ Տարեցտարի չարաշահումների ծավալներն ավելանում էին, Մարգարյանի պահանջները` ևս։ Արդյունքում տուժում էր խեղճ երևանցին ու թամանյանական Երևանը։ Այդպես էլ քաղաքապետը «չհասցրեց» լուծել քաղաքի ջրահեռացման խնդիրը, երթուղայինների գերծանրաբեռնվածության հարցը․․․ և այսպես շարունակ:

Նորից հայացք նետելով՝ Տարոն Մարգարյանը շատ ավելի հեռատես է։ Եթե հանրապետական գործընկերներից շատերը լուռ հետևում էին համաժողովրդական շարժմանը, ապա Մարգարյանը այն քչերից էր, որ «ձեռքերը ծալած» նստած չէր։ Դրսևորելով կազմակերպչական նախանձելի տաղանդ՝ քաղաքապետն իր ընկերոջ` Սամվել Ղումաշյանի և մի խումբ երիտհանրապետականների հետ Ավանում ծեծի էին ենթարկում ցուցարարներին, կոտրում մեքենաները։ Միգուցե Մարգարյանը շատ ավելի սուր լսողություն ունի և «մերժիր Սերժին» վանկարկումների արանքում ականջին էին հասել «Տարոն, հեռացիր», «Տարոն, հանցագործ» առաջին «սիգնալները»: Վերջինս, առանց մի րոպե հապաղելու, հանդիպում կազմակերպեց ավագանու հանրապետական խմբակցության անդամների հետ, որի օրակարգում իր պաշտոնանկության 4 տարբերակների քննարկման հարցն էր։ «Հայկական ժամանակն» անմիջապես գրեց, որ ունի ձայնագրություն, որտեղ մեր հերոսը հստակ ասում է․ «Ես պատրաստ եմ ցանկացած վերջաբանի»:

Փաստելով իր պապի, հոր նստած լիելը՝ Տարոն Մարգարյանը ինքնախիզախվել էր` ասելով, թե եթե պետք լինի, ինքն էլ կնստի, իր որդիներն էլ կնստեն։

Թողնենք երեխաներին փուռը տալու տարոնմարգարյանական հիվանդագին մոլուցքը, որ փորձում է լղոզած լինել իբր թե քաղհալածյալի կերպարով ու նկատենք, որ նա պայծառատեսին վայել ունակությամբ տեսել էր իր այսօրը ու չէր կարող տեսած չլինել՝ այդ ո՞ր մի թալանողն է իր թալանածը վայել:

Բարեբախտաբար նոր Հայաստանում նոր ժամանակներ են ու «բոլորը հավասար են օրենքի առաջ» կարգախոսը գեղեցիկ նախադասություն չէ սոսկ, այլ գործունեության ուղեգիծ, որը բնավ էլ չի նշանակում կուլակաթափություն, բայց թե ժողովրդից հափշտակածն էլ պետք է վերադարձնել ժողովրդին:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ