Ամուլսարի ոսկու հանքի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Բնապահպաներն ու Վայոց ձորի բնակիչները պարբերաբար փակում են դեպի սար տանող ճանապարհները, որպեսզի թույլ չտան հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել աշխատանքները:

Ջերմուկցիների պնդմամբ` շինարարական աշխատանքների արդյունքում առաջացած փոշին հասնում է մինչև հանքից 10-12 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ քաղաք՝ սպառնալով թե´ բնակիչների առողջությանն ու շրջակա միջավայրին, թե´ քաղաքի առողջարանային բիզնեսին։ Ստացվում է, որ զրո կամ քիչ ազդեցության մասին Lidian Internetional-ի հավաստիացումները չեն արդարացել։

Ակցիայի մասնակիցները նաև Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծում առկա թերություններն ու խախտումներն են մատնանշում, որոնք վեր էին հանել ամերիկահայ Հարութ Բրոնոզյանի պատվերով Հայաստան ժամանած միջազգային փորձագետները։

Դեռևս Lidian Internetional-ի կայքում տեղադրված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում փորձագետները եզրահանգման էին եկել, որ նախագիծն ունի մի քանի սերունդների կյանքի տևողությամբ թթվային դրենաժ առաջացնելու մեծ ռիսկ։ Նրանց գնահատմամբ թթվային դրենաժը վտանգի կենթարկի Արփա, Դարբ և Որոտան գետերն ու տարածքի բնական միջավայրը։

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավոր բոլոր հետևանքներն ու ռիսկերը գնահատելու նպատակով փորձագիտական խմբի երկու անդամներ՝ դոկտորներ Էնն Մաեստն ու Անդրե Սոբոլևսկին, տեղում ևս ծանոթացել են աշխատանքներին ու հանդիպել «Լիդիանի» ներկայացուցիչների հետ։ Վերջիններից տեղեկանալով ընկերության մշակած նոր պլանների մասին, որոնք վերաբերում են թթվային դրենաժի մեղմացմանն ու բնութագրերին, փորձագետները նկատել են՝ դրանք էական շեղումներ են 2016թ․ ընկերության ներկայացրած բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականից (ԲՍԱԳ)։ Նման պարագայում փոփոխությունները ՀՀ կառավարությանը ներկայացնելն ու նախքան արդյունահանումը վերջինից թույլտվություն ստանալը պարտադիր է։

«Լիդիանի» ներկայացուցիչների հավաստիացումներն առ այն, որ նոր մոտեցումների հիմքում որոշակիորեն դրվել են նաև փորձագետների եզրահանգումները, ոլորտում շուրջ 30 տարվա փորձ ունեցող Մաեստին ու Սոբոլևսկուն համոզիչ ու բավարար չեն թվացել։

«Նրանց որդեգրած նոր մոտեցումները քննարկել ենք ու հանգել այն եզրակացության, որ դրանք ոլորտում արտասովոր, չապացուցված մոտեցումներ են, որոնք չեն համապատասխանում միջազգային լավագույն պրակտիկաներին։ Տարածքի զգայուն բնույթը պահանջում է մեծ երաշխավորում, որ ոչ մի թթվային դրենաժ չի հոսի ո՛չ հանքի շահագործման ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո։ Նոր որդեգրված միջոցառումների էքսպերիմենտալ բնույթը նման երաշխավորում չի հաղորդում», -ասված է նրանց հրապարակած հաղորդագրության մեջ։

Կոշտ թափոնների մի փոքր մասի վրա քիմիական նյութեր ավելացնելու եղանակով թթվային դրենաժը չեզոքացնելու «Լիդիանի» տարբերակն իրատեսական չեն համարում փորձագետները։ Դրա անարդյունավետության մասին փորձագետների մտագոհությունը լսելուց հետո ընկերությունը հավաստիացրել է՝ իրենց մտածած համակարգը ձախողելու դեպքում հաշվի կառնի թթվային դրենաժի հարցում փորձագետների առաջարկած և ոլորտում տարածված մոտեցումը, այսինքն՝ կրով մաքրման կայանի գործարկումը։ Այդ դեպքում էլ փորձագետները մեկ այլ խնդիր են տեսնում. «Լիդիանի» առաջարկած ֆինանսական երաշխիքը չի ծածկում կրով մաքրման կայանի կառուցման ու գործարկման ծախսերը։

Ֆինանսական ու բնապահպանական խնդիրներից ապահովագրվելու համար ոլորտի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանն առաջարկում են «Լիդիանից» պահանջել այնպիսի նախագծի հրապարակում, որտեղ մեկ առ մեկ նշված կլինեն այն գործողությունները, որոնք կձեռնարկվեն բնական միջավայրի վրա ազդեցության ի հայտ գալու դեպքում։ Նման նախագիծը, ըստ փորձագետների, պետք է հստակ սահմանի, թե որոնք են այն ազդակները, որոնք ցույց կտան առաջացած ազդեցությունները և առաջ եկած խնդիրները լուծելուն ուղղված գործողությունները։

Հայաստանի կառավարությունը ականջալուր կլինի՞ արդյոք միջազգային փորձագետների հորդորին և «Լիդիանի» կողմից իր իսկ մշակած մոտեցումների կենսունակությունն ապացուցելու անկարողության դեպքում կպահանջի՞ աշխատել միջազգային պրակտիկայի համաձայն, թե՞ «հանքարդյունահանման ոլորտի վերանայումը» դարձյալ բիզնես շահերի պրիզմայով կարվի, ցույց կտա ժամանակը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ