Պուտինն ու Տրամպը կհանդիպեն Հելսինկիում, աշխարհի խաղերի եզրափակչից հետո: Հանդիպումը դժվար թե նշանակվեր, եթե դրան չնախորդեին որոշակի փոխզիջումներ: ԱՄՆ փոխզիջումն, ամենայն հավանականությամբ, այն է, որ Ասադի բանակը, արդեն առանց ամերիկացիների առարկության ու մամուլի աղմուկի, երկրի հարավում Ջաբհաթ ան Նուսրայի վերջին բեկորների ջախջախմանն է անցել:
Պուտինի փոխզիջումը Տրամպին բոլորից շատ հետաքրքրող տնտեսությանն, ավելի կոնկրետ՝ էներգետիկային է առնչվում: Բանն այն է, որ, մեր էս բազմաչարչար մոլորակում նավթի պաշարները ոնց որ թե սկսում են քչություն անել: Ընկնում է Նորվեգիայի, Կանադայի նավթի հանույթը: Ռուսաստանի ջգրու արված Օբամայի «հանճարեղ» քայլից հետո սեփական՝ շատ խոր խորքերից «քամվող» սլանցային նավթի հանույթն այնքան է աճել, որ ԱՄՆ էկոլոգիայի հորն անիծելով է սպառնում (ի դեպ՝ սա լրջագույն խնդիր է, որին արժե մի առանձին նյութով անդրադառնալ): Լիբիայում Օբամայի մյուս «հանճարեղ» քայլի արդյունքում անարխիա հռչակած, միմյանց դեմ կռվող ավազակախմբերը դեռ շարունակում են նավթահանքեր պայթեցնել, իսկ Իրանն ու Վենեսուելան էլ սանկցիաների տակ են: Մնում են Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան: Եթե սրանք չավելացնեն իրենց կրճատած նավթի հանույթը, նավթի գինը նորից 100 դոլարը կանցնի, ու սեփական «գաղթած» արդյունաբերությունը երկիր վերադարձնելու Տրամպի ծրագրերը լրիվ կձախողվեն:
Ըստ իս՝ Պուտինն այս հարցում փոխզիջման կգնա, բայց փոխարենը Տրամպից կպահանջի «Северный поток -2» գազատարին չխոչընդոտել: Իզուր չէ, որ հանդիպման շեմին այդ գազատարի կառուցման վերջին թույլտվություն տվողը՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գերազանցիկ ու մշտական հերթապահ սանը՝ Դանիան, ոչ միայն ձգձգում է այդ թույլտվությունը, այլև ձգձգելու աղմուկ է հանում (եթե ոչ թե արհեստական, ոչ թե ուրիշի կամքով, այլ անկեղծորե՛ն ու սեփական կամքով դեմ լինեին, ապա նույն երթուղով արդեն անցնող «Северный поток -1»-ին նույնպես թույլտվություն չէին տա). սա սոսկ մահակ է՝ ոչ թե Դանիայի, այլ Տրամպի ձեռքին՝ որպես Պուտինից փոխզիջում կորզելու միջոց: Հենց փոխզիջման եկան, հաջորդ օրը Դանիան խելոք էդ թույլտվությունը կտա:
Հանդիպմանը բնականաբար կարծարծվեն նաև սպառազինությունների մրցավազքը կասեցնելուն ու Աֆղանստան միգրացիա եղած ԴԱԻՇ-ի դեմ համատեղ ջանքեր գործադրելուն առնչվող հարցեր:
Չնայած նախնական հայտարարությանը, ըստ իս, Ուկրաինայի մասին շատ-շատ «հերթապահ» խոսակցություն լինի, մանավանդ որ վերջերս Տրամպը շատ սիրուն պատասխան տվեց Ղրիմին առնչվող հարցին. «Էդ հարցով ինձ չէ, Օբամային մոտեցեք»:
Ինչ վերաբերում է մեզ ու մերոնց «թավշյա» հեղափոխությանը, որն իրենց համա՛ր անգամ անակնկալ էր, ապա Տրամպը, ինչ հարց որ ունի, ժամանակը եկավ՝ նե՜նց սիրուն կտա: Չէ՛, Պուտինին չէ, Թերեզայի՛ն կտա:


Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ