ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 27-ին ձերբակալվել է նույն օրը նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը:

ՀՔԾ-ի հաղորդագրությունից երևում է, որ կինն ամուսնուց հետ չի մնացել. Ամիրյանը կասկածվում է անհայտ աղբյուրից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահելու մեջ:

Ի դեպ, ՀՔԾ քննիչն Ամիրյանին ձերբակալելու որոշումն ավելի վաղ էր կայացրել, բայց նրան ձերբակալելու համար նախ գտնել էր պետք։ Երբ ամուսնու պահեստների պարունակության մասին ԱԱԾ-ի աղմկահարույց տեսանյութը դարձավ հանրության սեփականությունը, հաջորդ օրն արդեն Նազիկ Ամիրյանի ինքնասպանության մասին էին գրում որոշ լրատվամիջոցներ։ Իր ողջ լինելն ու «թուլամորթ» չլինելը ցույց տալու համար Գրիգորյանի կինը նպատակահարմար էր գտել ֆեյսբուքով ուղիղ եթեր դուրս գալը (դե, այնպես, ինչպես հիմա է ընդունված)։ Դրանից հետո, սակայն, նրան ոչ միայն ֆեյսբուքով, այլև իրականում գտնել չէր հաջողվում։ Ամուսնու դեմ խոսող փաստական ապացույցներից թեթևանալու անհաջող փորձից հետո, երբ ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեց (Նազիկ Ամիրյանը հանձնարարել էր ԵԿՄ գրասենյակից «Զինվորի բաժին» գրառմամբ մոտ 3000 հատ մսի պահածոներ տեղափոխել այլ վայր, ինչի մասին ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն էր ստացել), գլխի գալիքն իմանալով, ընդհատակ էր անցել։

Հավանաբար «գահընկեց հերոսի» կողակիցն իր թաքստոցում գցել-բռնել է, որ իր երգը նույնպես երգված է ու ժամանակն ի վնաս իրեն է աշխատում, ուստի որոշել է այստեղ էլ ամուսնուց հետ չընկնել։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ