Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգում դրվել, հետո հանվել է «Երևան» հիմնադրամի մասին նախագիծը։ Նկատենք, որ այսօրվա նիստում պետք է հիմնադրամի՝ 2009 թվականից իր միջոցների հաշվին քաղաքի կարիքների համար ձեռքբերված 527 մլն դրամ արժողությամբ գույքը համայնքին նվիրելու հարցը քննարկվեր:
Երբ «Ելք» դաշինքի ավագանու անդամ Անի Սամսոնյանը հետաքրքվել է, թե ինչու է առհասարակ հարցը բերվել օրակարգ, հետո էլ հանվել, փոխքաղաքապետ Կամո Արեյանը միանգամից հարցի երկրորդ մասին է անդրադարձել. «Քանի որ «Երեւան» հիմնադրամի հետ կապված Ազգային անվտանգության ծառայության կողմից նախաքննություն է իրականացվում, առգրավված են բոլոր փաստաթղթերը, բերման է ենթարկված հիմնադրամի տնօրենը, հետագա գործընթացի հավանական ելքերի վերաբերյալ հստակ պատկերացումներ չկային եւ պարզ չէր, ով է հանձնող կողմը լինելու, ում իրավասությամբ, ուստի հարցը հանվեց օրակարգից»:
Այն, որ ԱԱԾ-ի և հանրության ուշադրության կենտրոնում հայտնված խնդրահարույց հիմնադրամի հետ կապված ցանկացած քննարկում քաղաքապետարանում պետք է հետաձգվեր, սպասելի էր, որքան որ Տարոն Մարգարյանի մասին համացանցում հայտնված տեսանյութից հետո սպասելի էր նրա ինքնազգացողության վատացումն ու նիստից բացակայելը:

Արմինե ՍԱՐՈՅԱՆ