Պետական պաշտոնյաների մի մասի, այսպես կոչված, ակտիվ օգտատեր-պաշտոնյաների առօրյային՝ աշխատանքայինից մինչև ընտանեկան, շուրջ մեկ ամիս է հնարավոր է Ֆեյսբուքով հետևել ու, իհարկե, գնահատական տալ։

Երեկ իր ֆեյսբուքյան էջում ակտիվ օգտատեր-պաշտոնյաններից Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էր օրվա քրոնիկոնից մի կտոր հրապարակել համապատասխան լուսանկարով. «Թող ինձ ների բնապահպանության նախարարը, բայց պաշտպանության նախարարին ես ու Ռոստոմյանը մի կերպ հաղթեցինք )))

Հ.Գ. Կիրակնօրյա, բայց մեզ համար աշխատանքային օրը 30-40 րոպե ընդմիջումն օգտագործել ենք 1 պարտիա բլոտ խաղալու համար»։

Բնական էր, որ դրան պետք է հետևեին երևույթը տարբեր կողմերից դիտարկող մարդկանց մեկնաբանությունները, ինչն էլ, հավանաբար, հաշվի չի առել ամենաերիտասարդ նախարարը կամ էլ մտածել է, որ սիրո և համերաշխության մթնոլորտը վերացրել է քննադատությունների հավանակությունը։

Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ նորանշանակ յուրաքանչյուր նախարարի կոնկրետ քայլերին անհամբերությամբ են սպասում հարյուր հազարավոր մարդիկ։ Խոստումների հանդեպ հավատը վաղուց կորցրած իրատեսները տարբեր ոլորտներում հստակ գործողություններ են ուզում տեսնել, և ուիքենդյան լուսանկարները՝ տվյալ դեպքում «բլոտի սեղանի շուրջ», ուրիշ կերպ է ընկալվում։ Նախ՝ քանի որ «բլոտը» շախմատ չէ,» և երկրորդ՝ մարդիկ կենտրոնանալով նկարի վրա՝ «մոռանում են», որ դա կիրակնօրյա, բայց այդ մարդկանց համար «աշխատանքային օրվա 30-40 րոպեն» է:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ