Ինչպես Սարոյան կրտսեր եղբայրը կասեր, անցնենք թվաբանության:

20 տարի առաջ էդ երկուսովդ իշխանություն վերցրիք, ի՞նչ վերցնել, խլեցի՜ք՝ անմեղ զոհերի արյան ու ձեր ու ձեզպեսների թույն-թարախի մեջ խեղդելով խլեցիք ու ասիք՝ լոխ լյա՜վ ա:

20 տարի ձեր երկուսի կլանը երկիր կառավարեց: 20 տարում Արցախի հարցը լուծելու տեղակ՝ դրիք ու Հայաստանի հարցը լրիվ լուծեցիք:

Քոքի՛ց:

«Ղարաբաղը մերն է» կարգախոսը սրբագրեցիք «Հայաստանը մերն է» կարգախոսով, իսկ իրար ականջի շշնջացիք դրա՝ ձե՛ր տարբերակը՝ «Հայաստանի մերն է՛լ»: Ու, հենց էդ վերջին տարբերակը 20 տարի շարունակ կենսագործելով, ասիք՝ լոխ լյա՜վ ա:

Քաղաքակիրթ պառլամենտ ստեղծելու տեղակ՝ ազգի գերագույն ժողովը լցրիք թաղ-քուչա նայող տգե՜տ, աջբատե՜ս արու «ուռկեքով» ու էգ «մուռկեքով», որոնց երեսը թե ցույց ես տալիս, ու որոնց խոսքը թե եթեր ես տալիս, էկրանի աջ անկյունին պարտադիր պիտի տիտր գրես՝ «106+»` էն հույսով, որ էդ «պլյուսը» կատարակտով ու ծանրականջ կըլնի: Իսկ դուք զմայլված ձեր էդ ընտրյալներով՝ եթեր հեռարձակվող էդ «զապադլոներով», դրանց քաջալերեցիք ու ասիք՝ լոխ լյա՜վ ա (վաղուց ժամանակն է գործածությունից «ԱԺ նիստ»-ը հանել, «ԽուԺան նիստ»-ը դնել):

20 տարի է՝ «ուռկեքն ու մուռկեքը», երկրի տնտեսությունը ստեղծելու գործը «զապադլո» դարձրած, սոսկ իրե'նց համար տուն-տնտեսություն հիմնելու «աբիզալովկա» ստանձնել, կենսագործում են, իսկ դուք էլ, որպես «ափշակը» պահող էրկու «սմատրյաշչի», դարձյալ զմայլված, ասում էիք՝ լոխ լյա՜վ ա:

20 տարվա մեջ ԽՍՀՄ օրոք մի կերպ, հրաշքով 3 միլիոնանոց դարձած երկրի բնակչությունը ձեր օրոք 2 անգամ նվազեց: Սակայն այնպես չէ, թե ձեր օրոք աճող թվեր չեղան՝ 20 տարում 20 անգամ աճեց երկրի արտաքին պարտքը: Ներքին պարտքը չաճեց, քանզի, դոլարի կուրսը արհեստականորեն ցածր պահելով, սովի մատնած ու շան օրը գցած ժողովրդի ձեռքից շան մսի գնով առաք դրսից ղրկվող տրանսֆերտները, առաք, լցրեցիք նախ ձեր գրպանները, ապա է՛ն երկրներում ձեզ համար բացված ձեր բանկային  հաշիվները, որոնց տեղերը քարտեզի վրա աշխարհագրության դասին ամեն ցույց տալուց հետո միշտ ձեր դասատուն ցուցափայտը ձեր ձեռից առնում, ձեր գլխին էր իջեցնում:

Հետո ձեր բացած հաշիվներն էդ էկա՜ն ու ստեղ ձեր հիմնած բանկերը դարձան, ու դուք, որ գրպանի ծակ չէիք կարում, քանզի իմաստ չուներ (կոպե՞կը պիտի էդ ծակից ընկներ. կոպեկ չունեիք, կարեիք՝ ի՞նչ անեիք), դուք, որ ընտրական խոստում տվեցիք, թե ազգի սեփական բանկային համակարգ պիտի զարգացնեք, դրա տեղակ՝ դուք ձեր սեփակա՛ն բանկերի համակարգը զարգացրիք ու ասիք՝ լոխ լյա՜վ ա:

Ու դուք հրաժարական ո՛չ թե ամոթու տվիք, այլ նրա՛նց ահու, ովքեր գիտեին և' ձեր հաշիվների ու «ափշակի» տեղը, և' ձեր «գրպանի» էսօրվա «ծակի» տեղը, և' թե ով է էս կամ էն բանկի բո՛ւն, իսկակա՛ն տերը: Եւ ուստի անգամ հրաժարական տալիս էլի ասիք՝ լավ ա. լոխ փողերը տեղն են, ուրեմն լոխ լյա՜վ ա:

Դուք, որ ազգին վերածնունդ ու նոր կյանք խոստացաք, բայց վերածննդի տեղ ազգը կիսեցիք, նորից ազգը գաղթական սարքեցիք, դուք ազգի վերածնունդ տոնելու տեղակ՝ ձեր էրեխեքի կես միլիոնանոց հարսանիքները եթեր տվեցիք ու ասիք՝ լոխ լյա՜վ ա (Քոչարյանի ու իր կլանի պահած ազգն, արդյունքում, ուրիշ ի՞նչ պիտի լիներ. «քոչար» պիտի լիներ ու իր քոչը աներ):

Ազգային բանակի անունով երդվելով՝ ազգային բանակի հացը ձեռից առաք ու ձեր չորքոտանի ու երկոտանի շներին կերակրեցիք, ազգի զենքը առաք ու Աղեղնավոր Հայկ ձեզ երևակայեցիք ու ասիք՝ լոխ լյա՜վ ա (ախր ձերոնք իրենց էդ բլդուղներով ու էդ հոր-փորերով Հայկի տեղ Հայկի աղե՛ղն են հիշեցնում):

Ձեզանից առաջ ո'չ կեսար, ո'չ կայսր, ո'չ խալիֆ, ո'չ շահ, ո'չ սուլթան, ո'չ ցար չկարողացան մեր հավատի եղնգի՛ն գեթ դիպչել, իսկ ձեր օրոք ու ձեր թույլտվությամբ մարդիկ բանակներով աղանդավոր դարձան ու դուք նորից ասիք՝ լոխ լյա՜վ ա:

Սակայն, ո՜վ հրաշք, Փաշինյանենք սոսկ մի հատ «փը՛շտ» արին, ասիք՝ ներողությո՛ւն, մենք սխալ էինք…

Այսինքն՝ սո՞ւտ էր 20 տարի ձեր էդ կրկնածը:

Բա ասում էիք՝ լոխ լյա՜վ ա, ա՛յ «փըշտ» արված «առյուծներ»:

Գեւորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ