Եթե վերջին երկու շաբաթվա իրադարձությունները ժապավենի վրա անցկացնեինք, ֆիլմի ձևաչափով էկրան բարձրացնեինք ու առաջարկեինք ընտրել «անկրկնելիներին», ապա «Օրվա միտք» անվանակարգում ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) գնահատականն՝ իր առանձնատուն ԱԱԾ-ի ներխուժման վերաբերյալ, միաձայն հաղթող կճանաչվեր։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ-ում տվյալներ էին ստացվել, որ Մովսիսյանն ապօրինի կերպով պահում է զենք և ռազմամթերք, և հանցավորության դեմ տարվող պայքարում իրավապահ մարմինների ակտիվությամբ պայմանավորված՝ նշված զենք ու ռազմամթերքը թաքցնելու նպատակով տեղափոխել և պահել է այլ վայրում:

Եվ ահա հունիսի 21-ին տվյալների իսկությունը ստուգելու նպատակով ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Մովսիսյանի տանը։ Խուզարկության ընթացքում, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, հայտնաբերվել է ենթադրաբար օրինական զենք և ռազմամթերք՝ գրանցման փաստաթղթերով։

Բայց այստեղ կա մի բայց. ոսկեղենիկ հայերենով ու հատկապես լրագրողների հետ քաղաքավարի պահվածքով առանձնապես աչքի չընկնող նախկին պատգամավորն այնքան էր շոյվել ԱԱԾ աշխատակիցների պահվածքից, որ խիղճը տանջել է և որոշել է հողին հանձնած ապօրինի զենքն ամեն դեպքում մեյդան հանել։

Վաղուց Մովսիսյանի աչքի փուշը դարձած բազմաթիվ լրագրողների քանիցս հնչեցրած հարցին, թե ինչու է հենց հիմա որոշել թաքստոցից հանել ու ԱԱԾ-ին հանձնել 90-ականներից եկած զենքը, նախկին պատգամավորը հիմնականում նույն պատճառաբանությունն է բերել. «Շա՜տ շնորհքով են ներխուժել, օրենքի տառին համապատասխան»։

Բայց դա, ըստ երևույթին, դրդապատճառի պաշտոնական ու հուզական կողմն է, իսկ իրական պատճառը Մանվել Գրիգորյանի նախադեպը կրկնելու վախն է թերևս:

Ողջունենք ԱԱԾ-ի օպերատիվությունը, սակայն եկեք չուշացնենք ոչ պակաս ուշագրավները: Օսլայած շապիկներով պակաս տղաներ չկան մեր իրականությունում, որ զենք-զինամթերք էլ ունե՛ն, օֆշորներում պահ տված, «արդար» քրտինքով դատած միլիոններ էլ ունե՛ն ու որ դրանց տների խուզարկմանն անցնես, հայտնաբերվելիք միլիոնները հաստատ գրպանի փողի կարգի են լինելու: Հավատացեք՝ անգամ դրանց գրպանի փողերով մեր երկրի բյուջեն կարելի է հաճելի ցնցումի մեջ գցել: Այնպես որ, պայմանավորվում ենք՝ չենք հապաղում:

Արմինե Սարոյան