...Կատարյալ լինել, նշանակում է ապրել նախ աշխարհի, նոր միայն իր համար։ Սիրիր մարդուն, քո նմանին, զի նա քո եղբայրն է։ Մի թողնի մենակ՝ հողմերի, փոթորկի ու մահվան դեմ հանդիման։ Աստված երկիրն արարեց այնպիսի անթերի ներդաշնակությամբ, որ մարդը գերադասի ընտրի արդար, անսխալ, անխարդախ գոյությունը։ Արարիր, ասաց, ծառեր տնկիր, խոպանը այգու վերածիր, ջուր տուր անապատին, աղբյուր շինիր ծարավի, կամուրջ կապիր ճամփորդի, երգեր ու տաղեր հեղինակիր սրտերը ջերմացնելու համար։ Երկրի գաղտնիքները վերծանիր, որ անսայթաք լինի կյանքդ։ Դրախտը հետմահու մի թողնի, այլ կառուցիր կյանքի համար։ Մի քանդիր, մի ավերի, մի ամայացնի։ Մի շամփուր խորովածի համար հարևանիդ եզը մի մորթիր։
Օջախ վառելու համար ամբողջ ծառը մի կտրիր: Տաշած քարի համար ուրիշի տունը մի քանդիր։ Հարևանիդ օջախն անկրակ մի թողնի՝ անթեղ տուր։ Ի վերջո, մի սպանիր, մեռցնելը անմարդկային արարք է՝ հակաբանական և հակաբնական։
Ընդհակառակը, հարատև դարձրու կյանքը, շատացրու օրոցքների թիվը: Մի շնանար։ Սիրով մաքրվիր, ոչ թե աղտոտվիր։ Մի խաբիր, որ քո գոյությանը հավատան, մի շողոքորթիր, որ անկեղծությունը չվիրավորվի։ Ամուր կառչիր հավատիդ, առանց նրա իմաստազրկվում է կյանքը։ Աստված ունեցիր, քանզի պարապ մնացած նրա տեղը կգրավի սատանան: Ապրիր այսպես և աստված կունենաս, և աստված կբնակվի քո մեջ...
 


Վերեւում բերված նյութը հատված է Մկրտիչ Սարգսյանի «Գրիգոր Նարեկացի» ստեղծագործությունից: Չգիտեմ: Մեր սերունդը կարդում էր շա՛տ ու անհա՛գ, կարդում էր մեր ու համաշխարհային գրականության մեծերին, փորձում յուրացնել բանաձևային մտքեր ու դավանել նույնքան բանաձևային արժեքներ ու, պատկերացրեք, որ այդպես ավելի հեշտ էր ապրելը, ավելի քրիստոնեավայել ու մարդկային: Համենայն դեպս մեծի նկատմամբ հարգանք կար, ծնողի ու երկրի նկատմամբ պաշտամունքային վերաբերմունք ու պատասխանատվություն, ընտանիքը սրբություն էր, երեխան՝ կյանքի լույս, ազնվությունն ու մարդկայնությունը՝ կենսակերպ:

Այսօր մեր գրականության երեւելիներից մեկի՝ Մկրտիչ Սարգսյանի, հիշատակի օրն է: Խոնարհումի հետ մեկտեղ կարդանք, կարդա՛նք մեր ողնաշարը պինդ  պահողներին ու մի փոքր էլ մարդկայնանանք՝ հատկապես մեր այս խելահեղ օրերի հենքի վրա ու հիշենք՝ օջախ վառելու համար պետք չէ ամբողջ ծառը կտրել, տաշած քարի համար ուրիշի տունը պետք չէ  քանդել, հարևանի օջախն անկրակ պետք չէ թողնել՝ անթեղ պիտի տալ՝ պիտի հենց այսպե՛ս ապրել, որ Աստված ունենաս:

Մարտին Հուրիխանյան