Նախկին գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լրբերը սրբեր են դառել...

Հիմա դու դատախա՞զ ես եղել կոստանյան գևորգ, թե՞ գողական...

Ինձ է դիմել FB-ն օգտատերերից մեկը և հայտնել հետևյալ մասին, մեջբերում եմ տեքստն ամբողջությամբ.

«Ցանկանում եմ Ձեզ մի պատմություն պատմել, որը ծանոթներիցս մեկը միամտորեն պատմեց: Բոլորը գիտեն, որ գևորգ կոստանյանը Ստեփանավանի արգելոցի ծառերը հատել ու իր համար դաչա է կառուցել, չեք պատկերացնի, այդ դաչայի բակում թողել է մի քանի սոսի... ինչևէ ամենահետաքրքիրն այն է, որ հեղափոխությունից հետո, նա կանչել է դաչան կառուցող պրարաբին՝ Աշոտ անունով ու հետ պահանջել իր տված գումարները, իբր թե իր պահանջած ստանդարտներին շինարարությունը չի համապատասխանում, հետ պահանջած գումարի չափը գերազանցում է մի քանի միլիոն դրամը... Այս հարցը լուծելու համար, կոստանյանի հետ բանակցելու համար դաչան կառուցողները պատրաստվում են դիմել ինչ-որ գողականների... Ահա, մի պատմություն, որի ճշմարիտ լինելը մի քանի րոպեում կարող եք պարզե՞լ»»։

Հիշյալ առանձնատան շուրջ մամուլում ուղիղ երկու տարի առաջ աղմուկ էր բարձրացել։ Պարզելը, թե այգու տարածքում, ծառերի արանքում կամ դրանց տեղում առանձնատուն կառուցելու շինթույլտվություն ով էր ստացել, լրագրողների համար մեկին գումարած մեկ էր։ Բնակիչների շրջանում շրջանառվող լուրը, ըստ որի՝ շինարարություն իրականացնողն Աշոտ Բոչոլյանն էր, ով այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Կոստանյանի աներորդին է, նույն ինքը՝ Բոչոլյանն էլ հաստատել էր։ Վերջինիս, սակայն, շատ զարմացրել էր այն փաստը, որ լրագրողներն այդքան հետաքրքրված էին, թե ինչպես է իրեն հաջողվել շինթույլտվություն ստանալ։ Անտառի տարածքում, ծառերի հաշվին «դաչա» կառուցելն ըստ նրա, երևի, պետք է ծափահարությունների արժանանար։

Չնայած նրանում, որ այգու տարածքում Բոչոլյանը շինարարություն իրականացնելու թույլտվություն է ստացել, իրականում զարմանալի ոչինչ չկա։ Հարցերին լուծում տալու Հայաստանում վաղուց ավանդական դարձած սխեման՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» կամ «ես՝ քեզ, դու՝ ինձ» կոմբինացիան, ապրած կենա։

Դանիելյանի գրառումը կամ, ավելի ճիշտ, նրան ուղղված նամակի բովանդակությունը եթե պարզվի, որ իրականությանը համապատասխանում է, և գործին ընթացք տրվի, ապա ավանդական սխեմայի գաղտնագրերի վերծանման արդյունքում բավականին հետաքրքիր՝ գործին անմիջապես չառնչվող բաներ էլ ջրի երես դուրս կգան՝ բաներ, որոնց համար քրեական օրենսգիրքը պարզապես արտասվում է՝ մասնավորապես ավելի քան օրինապաշտ Գևորգ Կոստանյանին տեսակցելու կտրվածքով։

Արմինե Սարոյան